Երկուշաբթի երեկոյան Փարիզում Էյֆելյան աշտարակը ոսկեգույնով է լուսավորվել ՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի:
Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն ասել է. «Այսօր երեկոյան Փարիզը հարգանքի տուրք կմատուցի Շարլ Ազնավուրին, Իենայի կամրջի վրա կհնչեն նրա ամենագեղեցիկ երգերը, իսկ հսկայական էկրանի վրա կցուցադրվեն նրա լուսանկարները: Էյֆելյան աշտարակը կլուսավորվի ոսկեգույնով»:
Ֆրանսիայում մի շարք քաղաքական գործիչներ նույնպես կոչ են արել համազգային միջոցառումներ կազմակերպել՝ ի հիշատակ Ազնավուրի: Նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, հանդես գալով նման նախաձեռնությամբ, նշել է, որ դա կախված է Ազնավուրի ընտանիքի ցանկությունից:
Նույնպիսի կարծիք է հայտնել երգչուհի Միրեյ Մաթիեն: Նրա խոսքով՝ «Շարլը արժանի է հուղարկավորության ազգային արարողության»:
Երկուշաբթի Ազնավուրի մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Նրա խոսքով «Շարլ Ազնավուրը ֆրանսիական երաժշտության հսկան էր, որը լուսավորել է ֆրանսալեզու մշակույթը երկրի սահմաններից դուրս»:
Պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին հայտարարել է, որ Ազնավուրի մահով երկիրը կորցրեց «ձայն, սիրտ և մի փոքր հոգի»:
Մշակույթի նախարար Ֆրանսուա Նիսսենն ընդգծել է, որ լեգենդար երգիչը եղել է միշտ «առատաձեռն, ուշադիր ուրիշների նկատմամբ և իր խոսքերով կարող էր հուզել բոլորին՝ մինչև հոգու խորքը»:
Ազնավուրի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: «Եվրոպան այսօր կորցրել է ամենագեղեցիկ ձայներից մեկը: Նա ոգեշնչել է մի ամբողջ սերունդ»,- ասել է նա:
Ազնավուրի մահը սգում են նաև մշակույթի գործիչները:
«Սիրտս կոտրված է: Ես ցնցված եմ: Ես սիրում եմ այդ մարդուն: Նրան վաղուց եմ ճանաչում: Մենք սկսել են գրեթե միասին: Շարլը ֆրանսիական երաժշտության միակ լուսավորիչն էր»,- ասել է դերասան Ալեն Դելոնը:
«Շարլ, Դուք ինձ համար միշտ կմնաք հիանալի մարդ»,- իր Twitter-ում գրել է երգչուհի Սելին Դիոնը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ