ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը, որը խստորեն հետեւում է ԱԺ կանոնակարգ օրենքին ու օրակարգից դուրս սովորաբար որեւէ միջամտություն չի անում, այսօր ԱԺ ամբիոնին մոտենալով՝ օրենսդրական նախագիծը զեկուցելուց առաջ, շեղվելով թեմայից, խոսեց ՀՀ ազգային հերոս, աշխարհահռչակ երաժիշտ Շարլ Ազնավուրի մասին: Նա ասաց. «Սերունդներ են մեծացել Հայաստանում ու ոչ միայն Հայաստանում Շարլ Ազնավուրի երգերի ազդեցության տակ: Ազնավուրը ոչ միայն մեծ երգահան էր, մեծ երգիչ, մեծ բանաստեղծ, ինքը մեծ մարդ էր: Տասնամյակներ շարունակ լինելով արվեստի առաջնագծում՝ իրեն թույլ չտվեց հղփանալ, հեռանալ իր ակունքներից ու դա մեզ բոլորիս, նաեւ ապագա սերունդներին ճիշտ պատգամ է, թե ինչպես պետք է ապրել մեծ կյանքը, որպեսզի դա լինի հարուստ՝ ոչ միայն նպատակ ունենալով ծառայել տվյալ անձին, ինչը եւս բնական է, այլեւ այն ժողովրդին, որը ծնել է այդ մարդուն: Մեծ հիշատակ՝ մեր մեծ հայրենակցին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ