«Punch Boxing» պրոումեթերական ընկերության հիմնադիր Արամ Դավթյանը եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավգյանն ու Գոռ Երիցյանն հանդիպեցին լրագրողների հետ:
Արամ Դավթյանը սկզբում պատմեց հայ բռնցքամարտիկների՝ վերջերս Մոսկվայում անցկացրած մենամարտերի մասին, որտեղ Արամ Ավագյանի մենամարտը ռինգի տերերից Սմիռնովի հետ ավարտվեց ոչ-ոքի եւ հայ բռնցքամարտիկը պահպանեց WBC International Silver գոտին, իսկ Գոռ Երիցյանը ժամանակից շուտ տեխնիկական նոկաուտով հաղթեց կոլումբիացի Խոսե Լուիս Պրիետոյին:Այնուհետու նա խոսեց դեկտեմբերի 8-ին Հայաստանում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի կազմակերպական աշխատանքների մասին, որը նախատեսվում է անցկացնել Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցային համալիրում: «Ցանկանում եմ, որպեսզի այդ երեկոյի գլխավոր մարտը լինի Աբգարյան-Սմիռնով երկրորդ դիմակայությունը: Սմիռնովի թիմի հետ խոսել եմ: Նրանք համաձայնել են երկրորդ մարտ անցկացնելու գաղափարին, սակայն կժամանե՞ն Ծաղկաձոր՝ պետք է մի փոքր էլ սպասենք»,-ասաց Արամ Դավթյանը:
Նրա խոսքով, դեռ մեծ ծավալի նախապատրաստական աշխատանք կա անելու, սակայն իրենք տրամադրված ու պատրաստ են ամեն ինչի, որպեսզի ամեն բան լինի բարձր մակարդակի: Ծրագրված է անցկացնել 7-8 մարտ, որոնցում մի քանի զույգ կկազմեն արտերկրում ապրող հայ բռնցքամարտիկները, իսկ մեր անվանի տղաները կմրցեն արտասահմանցի բռնցքամարտիկների հետ: Արամ Դավթյանը առայժմ անուններ չհնչեցրեց, քանի որ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են: «Մենք մինչ այդ էլի կհանդիպենք եւ այն ժամանակ բոլոր հարցերի պատասխանը հստակ կտանք», – ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ