Այսօր ԱԺ նիստի աշխատանքները մեկնարկեցին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով ՀՀ ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի հիշատակը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց. «Երեկ կյանքից հեռացավ աշխարհահռչակ երաժիշտ, երգիչ, մեծ արտիստ, մեր ազգի մեծ բարեկամ եւ զավակ Շարլ Ազնավուրը: Իհարկե, մենք կարող ենք երկար խոսել Ազնավուրի մասին, գրեթե բոլորդ ունեցել եք հնարավորություն շփվելու իր հետ, համագործակցելու: Անձամբ ես ոչ միայն կորցրեցի, ինչպես դուք բոլորդ, հռչակավոր մի անձնավորության եւ մեր ազգի զավակին, այլեւ կորցրեցի իմ լավ բարեկամին ու իմ գործընկերոջը: Երկրաշարժից ի վեր մենք համագործակցել ենք՝ հանուն Հայաստանի երեխաների առողջության եւ նրանց ապագայի, բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել: Եվ այն զգացմունքները, որ կան իմ մեջ Շարլ Ազնավուրի հանդեպ, դրանք կապված են միմիայն նրա բարի կեցվածքի, բարի եւ ազնիվ մոտեցումների հետ եւ այն ամենի, ինչ նա տվեց ոչ միայն հայ ազգին, այլեւ ամբողջ աշխարհին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ