94 տարեկանում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը գնաց երկնային կյանքով ապրելու: Նա ողջ կյանքում արժեւորեց իր ունկնդրին:
«Եթե անգամ մի փոքր հոգնած եմ, դա չի նշանակում, որ կանգ կառնեմ, ես միշտ կգնամ դեպի իմ ունկնդիրը: Իմ ունկնդիրն ամենաերախտագետն ու նվիրվածն է, ունկնդիրն է մեզ կերտում, հարստացնում: Ունկնդրի շնորհիվ ենք երիտասարդ մնում:
Դեռ չեմ մտածել կանգ առնելու մասին, որովհետեւ եթե մի օր չերգեմ, հաստատ կմեռնեմ»,- անցյալ տարի Մոսկվայում կայացած մի ասուլիսում հայտարարել էր Ազնավուրը: Նա միշտ ընդգծել է Ֆրանսիայի իր քաղաքացիությունը, բայց նաեւ չի ուրացել ծագումը ու միշտ հպարտությամբ է խոսել հայ լինելու մասին: Ի դեպ, հենց նույն Մոսկվայում՝ պատասխանելով քաղաքական թեմայով մի հարցման, շանսոնյեն ասել էր. «Ես չեմ սիրում խոսել քաղաքականության, ընտրությունների մասին, որովհետեւ այնքա՜ն հետաքրքիր թեմաներ կան… Նաեւ չեմ սիրում այն մարդկանց, որ գնում են ուրիշ երկիր ու քննադատում են իրենց երկրի քաղաքականությունը»:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում կհայտարարվի սգո օր:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
02.10.2018