«Մենք պետք է շարժվենք այն ուղղությամբ, թե ո՞ր պարագայում կունենանք պառլամենտ, որն իրոք կարտացոլի իրական քաղաքական դաշտը եւ միտված կլինի զարգացմանը»,- այսօր, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, որ Երեւանի ավագանու ընտրություններն արտացոլեցին իրական քաղաքական դաշտը: Նա մնում է իր կարծիքին`համատարած էյֆորիայի պայմաններում ընտրություններ չեն կազմակերպում. «Պետք է տրվի ժամանակ, որպեսզի քաղաքական ուժերը նախապատրաստվեն, որպեսզի նաեւ հնարավորություն տանք վարչապետին`մի որոշ ժամանակ աշխատի, որ հանրությունը կարողանա ճիշտ գնահատական տալ»:
Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ քննարկումների մեկնարկը տրված է, եկել են համաձայնության, որ բանակցությունները կշարունակվեն, ձեւաչափն էլ առաջիկայում կորոշվի: Թե ի՞նչ բովանդակային առաջարկ է արել Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանը չմանրամասնեց: Ասաց`մյուս քաղաքական ուժերի հետ էլ քննարկումներ կլինեն, հետո միասին կհավաքվեն, իմի կբերենք քննարկումների արդյունքները եւ հայտարարություն կանենք:
Վահրամ Բաղդասարյանը հրաժարվեց արտահերթ ընտրությունների անցկացման մոտավոր ժամկետների մասին խոսել, ասաց`միանձնյա որոշում-հայտարարություն չի անի: Բայց ասաց, որ ինքը այս հանդիպմանը ներկայացել է ՀՀԿ խմբակցության 49 անդամների անունից:
Հարցին`եթե մյուս քաղաքական ուժերը համաձայնվեն մինչեւ տարեվերջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, ՀՀԿ-ն կզիջի՞ դիրքերը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե նման իրավիճակ լինի, դա էլ քննարկելու առարկա է»:
Հաջորդ հանդիպման մասին կողմերը կպայմանավորվեն լրացուցիչ: Թե ե՞րբ են միմյանց կոնկրետ առաջարկներ ներկայացնելու, Վահրամ Բաղդասարյանը չգիտե:
Վահրամ Բաղդասարյանը հրաժարվում է պատասխանել արտահերթ ընտրությունների ելքին վերաբերվող հարցերին: Ասաց`երբ ընտրությունների օրը կորոշվի, նոր մնացյալ հարցերի մասին կարծիք կհայտնի:
Հարցին`մեկ ժամ ինչի՞ մասին էին խոսում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ պարտավորություն չունի իր եւ վարչապետի ողջ խոսակցությունը ներկայացնելու: Հետո հումոր արեց. «Բա մեկս մյուսին առողջության մասին չհարցնեի՞նք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ