Այսօր 94 տարեկանում կյանքից հեռացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Մեծ հայի մահվան լուրը ցավով ընդունեցին ամբողջ աշխարհում:
Քիչ առաջ Վանաձորում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ Ազնավուրի: Իր իսկ անունը կրող մշակույթի պալատի բակում վանաձորցիները ծաղիկներ էին խոնարհում եւ մոմեր վառում՝ Ազնավուրի հոգու խաղաղության համար:
-Այսօր մեծ կորուստ ունեցավ ոչ միայն հայ ազգն, այլեւ ամբողջ աշխարհը: Մենք կորցրեցինք դարի լեգենդներից մեկին: Եվ յուրաքանչյուրիս պարտքն է ինչ- որ կերպ հիշատակելու նրան, ինչ-որ ձեւ հարգանքի տուրք մատուցելու: Շատ տխուր եմ, եւ թող Աստված լուսավորի Շառլ Ազնավուրի հոգին,- ասում է կազմակերպիչներից Հրաչուհի Լոռեցյանը:
Հարգանքի տուրք մատուցելու էին եկել քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ոստիկանության աշխատակիցներ, վանաձորցիներ. «Մեծատառով մեծ մարդ է Ազնավուրը: Եկել ենք հարգանքի տուրք մատուցելու: Ուրիշ ոչինչ չենք կարող անել, միայն այդ: Ազնավուրը հայ ժողովրդի համար ամեն ինչ էր: Ինքը միշտ աշխարհի հայության համար կմնա առաքյալ»,- ասում է վանաձորցի Մարգարիտ Գրիգորյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ