Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ կհուղարկավորվի Շարլ Ազնավուրը. Նիկոլ Փաշինյանը սպասում է Շանսոնյեի հարազատների խոսքին

Հոկտեմբեր 01,2018 21:30

Այս պահին էլ մարդկանց հոսքը դեպի Շարլ Ազնավուրի հրապարակ չի դադարում: Հազարավոր քաղաքացիները ծաղիկներ են դնում ու մոմեր վառում՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ Շանսոնյեի մահվան առիթով: Շարլ Ազնավուրի հրապարակ էր եկել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության այլ անդամներ:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Շարլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում կհայտարարվի սգո օր: Վարչապետն ասաց, որ ցավոք սրտի Ազնավուրի հետ չի հասցրել հանդիպել. «Պլանավորվում էր, որ հանդիպում տեղի ունենա Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում, բայց դա չհաջողվեց»:

Վարչապետի խոսքով, քանի որ ծանոթ չի եղել Ազնավուրին, իր հուշերում նա մեծ երգիչ է, ազգային հերոս ու ազգի նվիրյալ է. «Հայաստանի հանրապետության գործում մեծ ավանդ ունեցող մարդ, բազմաթիվ հայերի եւ այլ ազգերի ներկայացուցիչներին ոգեւորած, սեփական օրինակով ներշնչած մարդ, որը համաշխարհային արվեստի պատմության մեջ իր տեղն ունի եւ դեռ երկար ու երկար կապահովի»:

Ինչ վերաբերում է, թե որտեղ կհուղարկավորվի մեծ երգիչը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կախված է այն բանից, թե նա իր հարազատներին ինչ պատգամ է թողել՝ որտեղ իրեն հուղարկավորեն. «Այս պահին դրա վերաբերյալ մենք ունենք նախնական տեղեկատվություն եւ ես ձեռնպահ կմնամ ինչ-որ բան ասելու: Մենք պետք է սպասենք եւ տեսնենք ինչ կասեն ընտանիքի անդամները»:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը պատասխանելով հարցին, թե ո՞րն է Ազնավուրի երգացանկից նրա սիրած երգը, ասաց, որ սիրած երգն այն է, որը վերջինն ես լսել: Դեսպանի խոսքով, Շարլ Ազնավուրն ավելի էր, քան մի ժամանակաշրջան. «Ազնավուրը մի ամբողջ դար էր ֆրանսիական երգի, ֆրանսիական հարաբերությունների եւ նրա ամենամեծ ձեռքբերումն այն է, որ նրա երգերն ապրելու են ընդմիշտ»:

Ժոնաթան Լաքոտը նաեւ ասաց, որ դեսպանության անձնակազմը շոկի մեջ է եւ մեծ տխրություն են ապրում Ազնավուրի մահվամբ: Դեսպանատան այսօր դրել են Մեծ Շանսոնյեի լուսանկարը: Դեսպանի խոսքով ոչ միայն Ֆրանսիայի հայ համայնքն է, այլեւ ֆրանսիացիներն են տխրել այս լուրը լսելով. «Այսօր, կարելի է ասել, ֆրանսիացիները եւ հայերը մեկ ազգ դարձան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031