Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պատրաստ ենք բանակցությունների. Նաիրա Զոհրաբյան

Հոկտեմբեր 01,2018 20:15

Նաիրա Զոհրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին

– Տիկին Զոհրաբյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է քաղաքական ուժերի հետ բանակցությունները: Վաղը նախատեսվում է բանակցություններ ԲՀԿ-ի հետ եւ օրակարգը, կարծես թե մինչեւ այս տարվա ավարտը խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելն է։ ԲՀԿ-ն համաձա՞յն է այդ օրակարգին։

– Մենք, բնականաբար, պատրաստ ենք ցանկացած քննարկման, ցանկացած բանակցության, եւ պատրաստ ենք ներկայացնել մեր օրակարգը։ Ի վերջո, եթե խոսքը բանակցությունների մասին է եւ ոչ թե սեփական օրակարգի մասին քաղաքական ուժերին տեղեկատվություն տրամադրելու, ապա, հույս ունեմ, մենք կկարողանանք գալ ընդունելի համաձայնության։ Իսկ եթե խնդիրը մեզ ընդամենը տեղյակ պահելն է իրենց քաղաքական ծրագրերի մասին, ապա դրա անունը ոչ թե բանակցություն պետք է դնել, այլ իրազեկում, եւ դրա համար բնավ չարժե քաղաքական կոնսուլտացիաներ սկսել։

– Վարչապետն ու իր կուսակիցները հստակ ասում են, որ մինչեւ այս տարվա ավարտը պետք է գնալ խորհդարանական ընտրությունների եւ բերում են մի շարք պատճառներ՝ ընդհուպ, որ բազմաթիվ ներդրողներ գումարները ձեռքները պահած՝ չեն գալիս Հայաստան, մինչեւ քաղաքական ուժերի դասավորությունը հստակ չլինի։

– Տեսեք, մենք ասել ենք, որ կողմ ենք արտահերթ խորհդարանական ընտրություններին։ Ավելին, մենք կողմ ենք քվեարկել կառավարության ծրագրին, որտեղ հստակ արձանագրված է, որ մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ հունիս ամիսը, պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ։ Սակայն ուզում եմ, որ բոլորս ֆիքսենք մի քանի կարեւոր խնդիրներ. նախ, խորհրդարանական ընտրությունը գյուղապետի ընտրություն չէ, որ ասեցին, որոշեցին, այդպես կամեցան ու մի քանի օրում կազմակերպեցին։

Երկրորդ՝ առանց ընտրական օրենսդրության փոփոխության, առանց ընտրությունների հետ կապված մի շարք տեխնիկական խնդիրների լուծման, օրինակ՝ մատնահետքի նույնականացման բազայի, կամ դրան համարժեք լուծման ներդրման, ինչի մասին, ի դեպ, գրված է հենց կառավարության ծրագրում, մենք ինչպե՞ս ենք պատկերացնում արտահերթ գործընթաց սկսելը։ Ի վերջո, ավագանու ընտրությունների ժամանակ տեսախցիկները սահուն կերպով օրակարգից դուրս եկան ու հիմա մեծ հարց է՝ խորհդարանական ժամանակ լինելո՞ւ են, թե՞ էլի բոլոր ժամանակների Մուկուչյանը հայտարարելու է, որ ժամանակը քիչ էր՝ չհասցրեցինք։

Ի վերջո, մենք Եվրոպայի Խորհրդի անդամ ենք ու չի կարելի անտեսել միջազգային կառույցների հանձնարարականները, որ ընտրությունները պետք է տեղի ունենան «Ընտրական Օրենսգրքի» ընդունումից առնվազն 7-8 ամիս հետո։ Բացի դա, քաղաքական ուժերը պետք է ունենան ռացիոնալ ժամանակ՝ ընտրություններին պատրաստվելու համար։ Նորից եմ կրկնում՝ խորհդարանական ընտրությունները մանկապատանեկան սպարտակիադա չեն, որ գիշերը որոշեն՝ ցերեկը կազմակերպեն ու անցնեն առաջ։

Ինչ վերաբերում է ներդրողներին, որ գումարը ձեռքները պահած՝ սպասում են խորհրդարանական ընտրություններին։ Մենք խնդրում ենք մեզ տրամադրել այդ ներդրողների եւ ներդրումային կազմակերպությունների անունները, մենք փորձենք իրենց հետ կապ հաստատել ու վստահեցնում եմ ձեզ, շատ հետաքրքիր իրողություններ կպարզվեն, այսպես կոչած, ներդրողների եւ ներդրումների հետ կապված, ինչի մասին կխոսենք մեկ այլ առիթով։

Ուստի, կրկնում եմ, մենք պատրաստ ենք քննարկումների, պատրաստ ենք ներկայացնելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մեր ճանապարհային քարտեզն ու այն պարտադիր քայլերը, որոնք պետք է արվեն մինչեւ ընտրությունները, եւ պատրաստ ենք իրատեսական ժամկետների շուրջ քաղաքական ուժերի հետ գալ լայն համաձայնության։

– Տիկին Զոհրաբյան, Լենա Նազարյանը հակադարձել էր բոլոր նրանց, ովքեր ասում են, թե Փաշինյանն ուզում է արագ գնալ ընտրությունների, որ համաժողովրդական էյֆորիան չանցնի։

– Ես սովոր եմ մեկնաբանել բացառապես քաղաքական գործիչների հայտարարությունները։ Քաղաքականության հետ անգամ հեռավոր աղերս չունեցող անձանց մտքի շեդեւրները չեմ պատրաստվում մեկնաբանել։

– Այսինքն, դուք Լենա Նազարյանին քաղաքական գործիչ չե՞ք համարում։

– Դուք միանգամայն իրավացի եք։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031