Այսօր ինձ՝ որպես Aravot.am-ում հրապարակված «Ինչի՞ եք նկարում իմ հայրիկին». 7/50-ում փորձեցին խոչընդոտել «Առավոտի» լրագրողի աշխատանքը» նյութի հեղինակ, հրավիրել էին Մալաթիայի ոստիկանություն՝ բացատրություն գրելու:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը այդ հրապարակման առնչությամբ հանձնարարել է եւ հրապարակումն ուղարկել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան ստորաբաժանում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:
Իսկ հրապարակումն այն մասին էր, որ այդ տեղամասում, երբ նկարահանում էի, թե ինչպես էր ընտրողներից մեկը քվեաթերթիկը ձեռքին քվեախցից դուրս փորձում քվեարկել, նրա դուստրը փորձեց խոչընդոտել մեր աշխատանքը, բռնեց արմունկից ու ասաց՝ «ինչի՞ եք նկարում իմ հայրիկին»:
Մալաթիայի ոստիկանությունում բացատրություն գրելիս հետաքննիչ Անի Վարոսյանն այսպիսի հարց ձեւակերպեց, թե ի՞նչ հետք թողեց այս դեպքը ձեր վրա: Իմ պատասխանը հետաքննիչի համար առավել քան զարմանալի էր՝ եթե Մալաթիայի ոստիկանության հետաքննիչ Հալլաբյանը գտավ, որ նորմալ է, երբ ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը սպառնում է լրագրողի մռութ ջարդել, ուրեմն նորմալ է նաեւ, որ ընտրողը թույլ չտա լրագրողին իր հորը նկարել, այ այդ հետքն է թողել ինձ վրա: Հետաքննիչն ասաց, որ իր հարցի պատասխանը չի ստանում ու երկրորդ անգամ կրկնեց իր հարցը: Պատասխանն այս անգամ հետեւյալն էր՝ լրագրողն իրեն ընտրատեղամասում պաշտպանված չի զգում:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նախորդ՝ 2017-ի ընտրություններում 7/46 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանը «Առավոտի» լրագրողին սպառնացել էր՝ «Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր», նա վիրավորել էր, գոռգոռացել, սպառնացել նաեւ գործից հանել տալ: Ու նույն Մալաթիայի ոստիկանության հետաքննիչ Հալլաբյանը մերժեց քրգործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով:
Ուստի դա հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ եթե լրագրողի մռութ ջարդել սպառնացողը մեր երկրում չի պատժվում, ուրեմն հորը նկարել թույլ չտվողը ու ընդամենը լրագրողի արմունկից բռնողը պարզապես իր «սուրբ պարտքն» է անում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ