Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ավելի լավ է մեռնեմ». Guardian-ի ֆոտոլրագրողը հավաքել է Հայաստանում ծերերի պատմությունները

Հոկտեմբեր 01,2018 19:22

Լքված և մեկուսացված, նախկին խորհրդային հանրապետությունում հազարավոր տարեցներ ապրում են ծանր դժվարություններով լի կյանք: Բրիտանական The Guardian պարբերականի ֆոտոլրագրող Նիք Դանզիջերը եղել է Հայաստանում և ներկայացրել այդպիսի մարդկանց պատմությունները: Նախագիծն իրականացվել է Շվեյցարիայի, Մոնակոյի և Հայաստանի Կարմիր խաչի համատեղ ծրագրի շրջանակում:

Քաղաքական ցնցումները, աղքատությունը և աշխատանք փնտրելու ակնկալիքով երիտասարդների արտագաղթը Ռուսաստան իրենց հետքն են թողել խորհրդային այս հանրապետության և մասնավորապես ծերերի վրա: 75 տարեկանից բարձր հազարավոր մարդիկ պայքարում են գոյատևման համար՝ հաղթահարելով ձմռանը -30C ջերմաստիճանը, չկարողանալով դեղորայք կամ բավարար սնունդ գնել իրենց խղճուկ կենսաթոշակով, գրում է լրագրողը:

Հայաստանում ես այլևս օտար չէի, քանի որ ծրագրի շրջանակում մի քանի անգամ այցելել էի երկրի հյուսիսում քաղաքային և գյուղական բնակավայրեր: Այնուամենայնիվ, միակ բանը, որ ունեի, կյանքի դժվարությունները դեմքերին դաջված ծերեր էին, ինչպիսին Հասմիկն է, ծեր մի կին, որին ամեն անգամ գտնում եմ իր բարաքանման սենյակում՝ ունեցած բոլոր շորերի մեջ կծկված՝ փորձելով թույլ չտալ, որ ցուրտը հասնի ոսկորներին: Նրա սենյակում չկա հոսող ջուր, ոչ էլ զուգարան կամ ջեռուցում: Նրա խղճուկ թոշակը բավականացնում է միայն էլեկտրականության համար, որպեսզի տաքացնի հարթուկը և դրանով՝ անկողինը: Նա չի կարողանում իրեն թույլ տալ վառելափայտ գնել ու անգամ բավարար սնունդ. կարողացել է միայն տեղի փռից մեկ օրվա հնությամբ հաց գնել, որը վաճառում են սովորականից էժան:

Ինչպես հետո հասկացա՝ այդ խնդիրը լայնորեն տարածված է, շարունակում է լրագրողը: Օրինակ, Վանաձորում 68 000 բնակչությունից ավելի քան 20 000-ը ծերեր են: Շատերը մնացել են իրենք իրենց հույսին: Փոքրիկ կենսաթոշակով, որն անգամ չի բավականացնում տարրական կարիքների համար, ինչպիսիք են ուտելիքը և ջեռուցումը:

Սկզբում ծերերին այցելել եմ Վանաձորում 2017թ., այս տարի ավելի վաղ վերադարձա՝ տեսնելու՝ արդյոք նրանց դժվարությունները թեթևացել են այն բանից հետո, երբ նրանց սկսել են օգնել Կարմիր խաչի բուժքույրերն ու կամավորները:

Բավական Ավետիսյան (80 տարեկան) և Ռազմիկ Ավետիսյան (83 տարեկան)

Բավականն ապրում է իր ամուսնու հետ մեկ սենյականոց բնակարանում՝ Գյումրիի կենտրոնում: Իմ այցից երեք տարի առաջ նա ոտքը կոտրել էր ավտովթարի ժամանակ: Այդ ժամանակից ի վեր նա անկողնուց վեր չի կացել և տնից դուրս չի եկել: Բացի այդ, նա տառապում է «Պարկինսկոնի» ախտանիշով:

«Ես հարուստ էի, բոլորին օգնում էի: Հիմա ես այս վիճակում եմ,- ասում է նա և սկսում լաց լինել:- Ավելի լավ է մեռնեմ»: Ժամանակին նա աշխատել է տեքստիլ ֆաբրիկայում, որի արդյունքում այսօր ստանում  35 հազար դրամ կենսաթոշակ: Ձմռանը դա հիմնականում ծախսվում է ջեռուցման վրա: «Իմ հիմնական խնդիրը ֆինանսական է,- ասում է նա:- Ես քաղցրավենիք եմ սիրում, բայց հիմա դա շքեղություն է»:

Մինչև բուժքույրի պարբերական այցերը՝ նրա միակ խնամողը ամուսինն էր՝ Ռազմիկը: «Հիմա ես եմ ճաշ եփում կնոջս համար»,- սիրալիր ասում է նա բուժքրոջը: «Նա եփում է այն, ինչ ես եմ ասում»,- ասում է Բավականը:

Ռազմիկն առավոտյան ժամերին սուրճ ու թեյ է պատրաստում շուկայում, որի համար օրական ստանում է 1000 դրամ: Նա ասում է, որ չնայած ֆինանսական դժվարություններին՝ իր համար մեծ օգնություն է բուժքրոջ այցելությունը: «Մենք շատ գոհ ենք նրանց աշխատանքից և միասին լավ ժամանակ ենք անցկացնում»,- ասում է նա:

Լարիսա Խաչատրյան (75 տարեկան)

Լարիսան բնակվում է խորհրդային շրջանի քանդված շենքի չորրորդ հարկում: Ոտքը կոտրված է, որի պատճառով գամված է անկողնուն, բացի այդ, ասթմայով է տառապում: Քանի որ ի վիճակի չէ տանը քայլել, անկողինը տեղադրել են խոհանոցում: Նա ապրում է միայնակ, ամեն օր նրան այցելում է իր 82-ամյա քույրը, որը նրա մոտ չի մնում, քանի որ բնակարանում շատ ցուրտ է: Չկա ո՛չ էլեկտրականություն, ո՛չ ջեռուցում, ո՛չ ջուր:

Երբ քույրը գալիս է, Լարիսայի անկողնու մոտ՝ աթոռի վրա մի մոմ է վառում: Լարիսան կցանկանար դա մշտապես վառվեր, բայց վախենում է, որ եթե հանկարծ այն գիշերը ընկնի, ինքը չի կարողանա կանխել փայտե հատակի բռնկումը: Ինչպես շատ այլոք, ում ես այցելել եմ, նրա որդին նույնպես ապրում է Ռուսաստանում և հոգ չի տանում նրա մասին:

Գալիա Պետրոսյան (74 տարեկան)

Վանաձորում Գալիայի մեկ սենյականոց բնակարանից գազի հոտ է գալիս, քանի որ նախորդ օրն արտահոսք է եղել: Գոհարին՝ հայկական Կարմիր խաչի բուժքրոջը, նա ասում է. «Եթե նա (հարևանը-խմբ.) չգար, ես մահացած կլինեի: Ես ոչ մի հոտ չէի զգում»: Գալիան այժմ ի վիճակի չէ 5 հարկ ոտքով իջնել և պտտվում է իր աշխարհում, որն  իրենից ներկայացնում է մի հյուրասենյակ՝ անկյունում անկողին, և խոհանոց:

Գալիան գոյատևում է շնորհիվ իր հարևանների գթասրտության: Նախօրեին մեկ այլ հարևան նրա համար մի քիչ միս էր բերել ուտելու. Գալիան էլ ուժ չունի ուտելիք պատրաստելու, ուստի ամբողջ օրը ոչինչ չէր կերել: Թշվառությունը նրան օտար չէ. դեռ 1988թ. նա ստիպված էր Բաքվից իր երեխաների հետ փախչել: Այժմ նրանց ընտանիքից նա միակ ողջ մնացածն է:

Նրա ցավը դաջված է դեմքին: Երկու ոտքերը և կոճերն այտուցված են, այտուցված է նաև մի ձեռքը, բայց ախտորոշման համար չեն բավականացնում ո՛չ ֆինանսական, ո՛չ ֆիզիկական միջոցները, քանի որ չի կարողանում գնալ մոտակա հիվանդանոց: Երբ Գոհարը սկսում է խոսել Գալիայի համար ձվածեղ պատրաստելու մասին, նա ժպտում է. «Ես սովորել եմ նրա այցելություններին, կարոտում եմ նրան, երբ այստեղ չէ: Առանց նրա ես հիմա մահացած կլինեի»:

Գևորգ Դանիելյան (82 տարեկան)

Գևորգը տառապում է շաքարային դիաբետով, հիպերտոնիայով, աթերոսկլերոզով և արթրիտով: Նա ամեն օր ստիպված է դեղեր ընդունել, բայց ամսվա վերջին հաբերը վերջանում են, և նա ի վիճակի չէ գնել նորը, մինչև որ թոշակը կստանա: Արդյունքում նա ապրում է կյանքի համար վտանգավոր ռիսկային պայմաններում՝ սրտի կաթված կամ ուղեղի կաթված:

Գևորգի երեխաները լքել են նրան, որովհետև նա որոշել է երկրորդ անգամ ամուսնանալ: Այսօր նրա միակ այցելուն ծեր հարևանն է: «Նստում ենք վառարանի կողքը և վերհիշում հին ու բարի ժամանակները: Մի ժամանակ ես հարուստ էի: Պահեստապետ էի աշխատում և անգամ հասանելիություն ունեի չեխական այնպիսի շքեղությունների, որոնց մասին մարդիկ չէին էլ լսել: Հիմա չեմ կարողանում անգամ սենյակս տաքացնել: Կամ վառարանի կողքն եմ նստում, կամ մնում եմ անկողնում»,- ասում է նա:

Նա բացում է դրամապանակը. «Ամսվա վերջում ունեցածս փողը 220 դրամ է,- այդքանը բավարար է հացի համար:- Ամսական 10 հազար դրամ չեմ կարող ինձ թույլ տալ թվային հեռուստատեսության համար, ուստի ընթերցում եմ՝ ժամանակը սպանելու համար»: Ձմռանը Գևորգն օրվա մեծ մասն անցկացնում է փողոցներում ստվարաթուղթ փնտրելով, որը կտրտում է և փայտի փոխարեն վառում: Ամռան ամիսներին Գևորգը տեղի եկեղեցու մոտ մանր իրար է վաճառում՝ վզնոցներ ու թևնոցներ՝ օրական միջինը վաստակելով 500 դրամ:

Ասյա Սարգսյան (89 տարեկան)

Վանաձորի բնակիչների մեծ մասը նախքան Խորհրդային Միության փլուզումը աշխատել են տեղի քիմիական կամ տեքստիլ ֆաբրիկաներում: Ասյան երկուսում էլ տասնամյակներ է անցկացրել՝ սկզբում քիմիական, հետո տեքստիլ ֆաբրիկայում: Ի տարբերություն մյուս ծերերի, որոնց այցելում են Կարմիր խաչի բուժքույրերը, Ասյան որդի ունի, որը փորձում է հոգ տանել նրա մասին: Երկու տարի առաջ՝ ուղեղի կաթված ստանալուց հետո, բժիշկները նրան երկար կյանք չէին խոստանում: Երբ ես նրան այցելեցի 2017թ., նա գամված էր անկողնում և ի վիճակի չէր առանց օգնության շարժվել: Նա ասում է, որ հրաժարվել էր ապրելու ցանկությունից:

Նարինեն, որը միայն վերջերս է սկսել աշխատել ծերերի հետ, իր աշխատանքի բարդությունը համարում է նրանց ֆիզիոլոգիական վիճակը հասկանալը: «Նրանք հաճախ չափահասի նման չեն: Ոմանց հետ անգամ ստիպված ես վարվել երեխաների պես: Պետք է համբերատար լինես»,- ասում է նա:

Լուսանկարներ անելիս մտածում էի՝ արդյոք նրանք կապրեն ևս մեկ ձմեռ: Ասյան մահացել է լուսանկարն անելուց մի քանի ամիս անց:

Հրանուշ Սարգսյան (81 տարեկան)

Հրանուշն ապրում է բարաքանման ժամանակավոր կացարանում՝ սկսած 1988թ. երկրաշարժից, որին զոհ է գնացել նրա որդին: Քամին կիսաբաց պատուհաններից ներս է փչում, դռան և պատերի արանքներում նույնպես ճեղքեր կան:

Հրանուշը տեղի սոցիալական ծառայությունների կողմից հաշվառված 4000 ծերերից մեկն է, որն ապրում է միայնակ և խիստ կարիքի մեջ է: Նա զրկված է ջրից, գազից, հեռախոսից, բայց հպարտ է իր երկու սենյականոց տնով և այն պահում է հիանալի մաքուր: Ճաշ եփելու և լվացքի համար ջուրը դույլերով խնդրում է հարևանից:

Կարմիր խաչի շահառու դառնալուց հետո նրա կյանքը որոշակիորեն բարելավվել է: Իր տնով հպարտացող Հրանուշը թույլ չի տալիս կազմակերպության աշխատակիցներին մաքրել իր տունը, բայց փոխարենը ուրախ է, երբ նրանք օգնում են դույլերով ջուր բերել:

Լենա Պետրոսյան (88 տարեկան)

Գյումրիում՝ Լենայի բետոնե ավտոտնակի հատակից սառը օդ է բարձրանում: Այստեղ նա ապրում է միայնակ: Ավտոտնակում ցուրտ է, մութ ու մռայլ, լուսավորությունը միակ լամպն է ապահովում: Առաջին անգամ, երբ այցելեցինք Լենային, նա կռացած էր տաշտի վրա՝ լվանալով իր միակ փոխնորդ հագուստը:

Վառարանի կողքին թաց փայտ է դրված, որը նախորդ օրը գնել էր իր ամսական թոշակով: Պահարանները դատարկ են: Արցունքն աչքերին՝ թափահարում է դրամապանակը՝ ցույց տալով, որ այն նույնպես դատարկ է: Նրա ունեցածը մի պահարան է՝ մեջը մի քանի փաստաթղթեր, լուսանկարներ, և աստվածաշունչ, որը պահում է բարձի տակ:

Լենայի վեց եղբայրները և քույրերը մահացել են: Նրա 70-ամյա որդին ապրում է Ռուսաստանում և առողջական լուրջ խնդիրներ ունի, որի պատճառով չի կարողանում վերադառնալ Գյումրի և հոգ տանել մոր մասին: Լենայի միակ հույսը հարևանների գթասրտությունն է, որոնք նրա համար դեղորայք են գնում և ժամանակ առ ժամանակ՝ սնունդ: Կատարակտի պատճառով խնդիրներ ունի նաև տեսողության հետ:

Սվետլանան՝ Կարմիր Խաչի աշխատակիցը, նրա տանն է՝ փորձելով հասկանալ՝ արդյոք նա կարող է դառնալ իրենց շահառու: Լենան գանգատվում է, որ վերջին անգամ լողացել է երեք ամիս առաջ: Ասում է, որ հարևաններն իրեն առաջարկել են լողացնել, բայց ինքը ամաչում է և հրաժարվել է:

Կարմիր խաչը Լենային ներառել է իր ծրագրում, բայց նրա տեսողությունն այնքան է վատացել, որ այլևս չի կարողանում տարորոշել դիմագծերը: Չնայած որ նա շատ լավ ընկալում է իր տարածությունը, բայց այժմ միայն օգտվում է ալյումինե սպասքից, քանի որ ապակեղենն ամբողջությամբ կոտրվել է: Կարմիր խաչն այժմ ֆինանսավորում է փնտրում նրա աչքերի վիրահատության համար, որով որոշակիորեն կվերականգնվի տեսողությունը: Երբ ես նրան այցելեցի 2018թ. խնդրեցի նրա աստվածաշունչը, որ պահում էր բարձի տակ: «Այլևս չունեմ: Տերը այն հետ է վերցրել»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031