Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ բժշկին բռունցքներով հարվածել են, «Նաիրի» բուժկենտրոնից ասում են՝ բժիշկն ինքն է սայթաքել՝ ընկել

Հոկտեմբեր 01,2018 18:02

Սեպտեմբերի 30-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում 16-ամյա երեխայի մահվան հետեւանքով վիճաբանություն է տեղի ունեցել երեխայի հարազատների ու բուժող բժիշկների միջեւ, ինչի արդյունքում բժիշկ Գալուստ Գալուստյանը լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել: Aravot.am-ի տեղեկություններով, մահացած երեխայի հարազատներից մեկն է բժշկին հարվածել, ինչի հետեւանքով նա գանգուղեղային վնասվածք է ստացել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, մահացած երեխան ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի (լուսանկարում) բարեկամն է եւ միջադեպի առիթով, պարոն Երանոսյանը հիվանդանոց է եկել՝ իրավիճակը հանդարտեցնելու:

Միջադեպի մասին լուրը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 1 անց 35 ոստիկանությունը «Նաիրի» բուժկենտրոնից հաղորդում է ստացել, որ Ս.Գ. անունով մի քաղաքացի բժշկի վրա հարձակում է գործել եւ բռունցքով հարվածել նրա, ինչի արդյունքում բժիշկը փակ գանգուղեղային վնասվածք է ստացել:

Ոստիկանությունից նաեւ ասացին, որ ըստ բժշկի տված եզրակացության, վնասվածքներ ստացած բժիշկն այդ պահին ի վիճակի չի եղել դեպքի մասին բացատրություններ տալ եւ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ուշագրավ է, որ դեպքի մասին այլ մանրամասներ հայտնեց «Նաիրի» բուժկենտրոնի բուժծառայության գծով տնօրեն Անատոլի Գնունին: Պարոն Գնունին Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բժշկին չեն ծեծել, այլ՝ ինքն է սայթաքել ընկել ու վնասվածքներ ստացել: Մեր այն դիտարկմանը, թե ոստիկանությունից այլ վարկած են նշել, Անատոլի Գնունին ասաց, որ անձամբ է բժշկի հետ խոսել, որն էլ իրեն պատմել է եղելությունը: Ըստ տնօրենի, մահացած երեխայի հարազատները փորձել են ներս մտնել այն պահին, երբ ներսում երեխայի հետ կապված գործողություններ են իրականացվել եւ այդ պահին էլ բժիշկը սայթաքել վայր է ընկել:

Պարոն Գնունու խոսքով, բժիշկը դեռ չի հարցաքննվել: Ոստիկանությունից ավելի ուշ հայտնեցին, որ դեպքի առնչությամբ այս պահին ոստիկանության կենտրոնական բաժնում հետաքննություն է իրականացվում:

Անատոլի Գնունին մեզ հետ զրույցում ասաց, որ 16-ամյա երեխայի մոտ ախտորոշվել է օստեոսարկոմա եւ նա վիրահատության արդյունքում ընկել է կոմայի մեջ եւ 52 օր շարունակ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031