ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաք-երկրամասի ՔԴՄ կուսակցության անդամ Հայկո Հեխթի եւ կուսակցության նախագահության ու Լանդթանգի տնտեսական եւ զբոսաշրջության հարցերով հանձնաժողովի անդամ Դավիթ Էրքալփի հետ:
Զրուցակիցները խոսել են հայ-գերմանական միջխորհրդարանական համագործակցության մասին: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Գերմանիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը:
Կողմերն անդրադարձել են տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին, նոր ներդրումային ծրագրերի իրականացման ուղիներին: Այս առնչությամբ Արմեն Աշոտյանը կարեւորել է Անգելա Մերկելի հայաստանյան այցի դրական էմոցիաները կոնկրետ գործողությունների վերածելու անհրաժեշտությունը:
Հանձնաժողովի նախագահը նաեւ հավելել է, որ որպես հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար՝ շարունակելու է ջանքեր ներդնել գերմանական կողմի հետ նաեւ տնտեսական համագործակցության քաղաքականության ոլորտում կոնկրետ քայլեր արձանագրելու ուղղությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ