Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր Հայաստանի պայմաններում պետք է հաղթահարենք դժվարությունները. Պետրոս Թերզյան

Հոկտեմբեր 01,2018 18:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանին:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայկակ Արշամյանին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա նշանակմամբ հիմնադրամը նոր կյանք և նոր թափ կստանա: «Տեղյակ եմ, որ այս ընթացքում հիմնադրամի առջև բավականին խնդիրներ են գոյացել և դրանց հրատապ լուծման անհրաժեշտություն կա: Հարկավոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչպես պետք է դրանք լուծվեն: Պարոն Թերզյան, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այս ճգնաժամային շրջանում Ձեր ստանձնած դերակատարման և ջանքերի համար, որպեսզի մենք այս իրավիճակը կարողանանք կառուցողական լուծման բերել:  Եվ ընդհանրապես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գոյության ողջ ընթացքում ծավալած գործունեության համար: Հույս ունեմ, որ հիմնադրամի նոր տնօրենը և հոգաբարձուների խորհուրդը կկարողանան ներկայացնել և իրականացնել հիմնադրամի զարգացման կոնկրետ ծրագրեր»,- նշել է վարչապետը:

Պետրոս Թերզյանը ևս շնորհավորել է Հայկակ Արշամյանին հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Վստահ եմ, որ պարոն Արշամյանը ճիշտ անձ է համապատասխան տեղում և պայմաններում: Հայտնում եմ իմ պատրաստակամությունը՝ անելու այն, ինչ պետք է: Վստահ եմ, որ այս հոյակապ կառույցը, որ այդքան մեծ ներդրում է ունեցել Հայաստանի և Արցախի տնտեսական վերելքի մեջ, իր առջև ունի մեծ ապագա՝ շնորհիվ Ձեր աջակցության: Կարծում եմ՝ Նոր Հայաստանի պայմաններում պետք է հաղթահարենք դժվարությունները, որոնք վստահ եմ, ժամանակավոր են, և անցնենք նոր հանգրվանի, նոր ծրագրերի իրականացման մեր Հայաստանի ու Արցախի համար»,- ասել է պարոն Թերզյանը:

Հայկակ Արշամյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի հանձնաժողովին՝ իր թեկնածությունը պաշտպանելու համար: «Կարծում եմ՝ հիմնադրամը պետք է վերածել 21-րդ դարի կառույցի, որովհետև այն խնդիրները, որոնք դրված են եղել հիմնադրամի առջև, արդեն մնացել են նախորդ դարում: Այժմ մենք պետք է աշխատենք նաև օգտագործել ոչ միայն թելեթոնները, մարդկանց զանգելով հանգանակություն անելու մեխանիզմները, այլ նաև առցանց հարթակներում փորձենք որքան հնարավոր է շատ մարդկանց ներգրավել, թեկուզ փոքր գումարներ հանգանակել, խոսքը նույնիսկ գնում է 500, 1000 դրամի  մասին: Պետք է փորձենք այդպես ողջ հայությանը ներգրավել Հայաստանի զարգացման գործում: Հիմնադրամի գործունեության թիրախներից մեկը պետք է լինի ապահովել Սփյուռքի և ընդհանրապես համայն հայության մասնակցությունը հայաստանյան գործընթացներում: Իմ առջև խնդիր եմ դրել բարձրացնել հիմնադրամի նկատմամբ եղած վստահությունը, որը պետք է դրվի ավելի բարձր մակարդակի վրա, ինչը կապված է նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ: Մենք Նոր Հայաստանում պետք է ունենանք նոր և իրական համահայկական հիմնադրամ»,- հավելել է Հայկակ Արշամյանը:

«Կարևոր է, որ այս ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ, ով Հայաստանի Հանրապետության նախագահն է, կարողացանք իսկապես իրականացնել թիմային աշխատանք: Հույս ունեմ, որ սա ոչ թե արձանագրված ցավալի ճգնաժամի հաղթահարումն է, այլ մի նոր էջ հիմնադրամի հեղինակության, գործունեության արդյունավետության բարձրացման և ընդհանրապես որպես ազգային համախմբման կարևոր ինստիտուտ կայացման իմաստով»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հիմնադրամի հետագա գործունեությանն առնչվող հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anushavan says:

    Anushavan Martirosian Եթե 10միլիոնանոց ազգից $10մլն է հավաքվում հավատացեք դա հավաքողի մեղքն է!1%անոց արդյունք!?մինչդեռ միլիոնավոր ձևեր կան մարդկանց ներգրավելու, շահագռգռելու, ու որ ամենակարևորն է մասնակից դարձնելու մեր Երկրի շենացմանն ու կայացմանը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031