Դիլիջանի «Առողջ ապագա» ՍՊԸ-ի աշխատակիցները բողոքով ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ էին: Նրանք տեղեկացրին, որ տնօրեն Էդգար Պողոսյանն իրենց ասել է այլևս չգնան աշխատանքի:
«Առողջ ապագա» ՍՊԸ–ն Դիլիջանի մանկական հակատուբերկուլյոզային առողջարանն է և գրեթե 60 տարվա գործունեության պատմություն ունի: Աշխատակիցների վկայությամբ՝ լավագույն տարիներին առողջարանը 700-800 երեխա է ընդունել իր հարկի տակ: Այստեղ գալիս են ոչ հիվանդ, բայց տուբերկուլյոզով հիվանդների հետ շփված, կոնտակտավոր երեխաները: 50-օրյա վերականգնողական բուժման ընթացքում կազմակերպվում է նաև նրանց ուսումնառությունը:
Առողջարանն ունի 41 աշխատակից, և թեև ընկերությունը 2006 թվականից սեփական է, սակայն նրանք ֆինանսավորում ստացել են պետության կողմից: Աշխատակիցները միտում են տեսնում, որ այսօր խիստ պակասել է առողջարան ուղեգրվող երեխաների թիվը, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ տնօրինությունը դադարեցնի ընկերության գործունեությունը: Սակայն աշխատակիցները կարծում են, որ եթե կան տուբերկուլյոզով հիվանդներ, ապա կան նաև՝ կոնտակտավորներ: Նրանք անընդունելի են համարում, որ մութ ու ցուրտ տարիներին լիարժեք աշխատած բուժհաստատությունը, այսօր փակվի, և 41 աշխատակից զրկվեն աշխատանքից:
Մարզպետ Վահե Ղալումյանը նշեց, որ խնդրին առաջին անգամ է առնչվում և քանի որ առողջարանը մարզային ենթակայության հաստատություն չէ, անհրաժեշտ է, հարցը քննարկել համապատասխան գերատեսչության հետ: Մարզպետը խոստացավ, ՀՀ առողջապահության նախարարության հետ որոշակի քննարկումներ:
ՀՀ Տավուշի մարզպետարանի հաղորդագրություն