Հայտնել ենք, որ Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքի նախկին ղեկավար Սուրեն Քոչարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված հացահատիկի սերմացուի յուրացման եւ Լուսաձորի համայնքապետարանում փաստացի չաշխատած, սակայն որպես համայնքապետարանի հավաքարարի Իջեւանի տարածաշրջան մեկ այլ բնակավայրի բնակչուհուն մեկ ամսվա աշխատավարձ վճարելու կապակցությամբ: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»): Քրեական գործի քննության շրջանակներում Ս. Քոչարյանը մարել է պետությանը պատճառված 200 հազար դրամ վնասը:
Սուրեն Քոչարյանը մեզ ուղարկեց իր վերաբերյալ քրեական գործը՝ զղջալու հիմքով կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ս. Գասպարյանի սեպտեմբերի 20-ի որոշման պատճենը:
Համայնքի նախկին ղեկավարն ասաց, որ ինքը կոռուպցիոներ չէ, հայտնելով, որ Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցի 2012 թվականի «Տարվա քաղաքացի» մրցանակը հանձնվել է իրեն, քանի որ դիմել է օրենքով սահմանված միջոցներին՝ իրեն վստահված գյուղական համայնքի խախտված իրավունքները վերականգնելու հարցում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ