Կոմիտեի ղեկավարի հանձնարարականով վերահսկողության վարչությունն ուսումնասիրել է Կադաստրի և մասնավորի գործարքներին աշխատակիցների փոխկապակցվածության դեպքերը։ Գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին հինգ դիմում է ստացվել այս մեկ շաբաթում։
Վարչության պետ Արսեն Հովհաննիսյանն այսօրվա խորհրդակցությանը զեկուցեց նաև, որ մոտ 300 իրավաբանական անձանց ցանկերն են ուսումնասիրել՝ հայտնաբերելով օրենքի կոպիտ խախտումներ։ Արձանագրել են, որ մոտ 40 մասնավոր ընկերություններ այս կամ այն կերպ կապված են Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարբեր պաշտոնատար անձանց հետ։ Իսկ մեկ այլ դեպքում քաղծառայողը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
«Մի մասին կներկայացնենք որակավորման կասեցման կամ դադարեցման պահանջ, իսկ լուրջ հետևանքներ առաջացրած դեպքերը, կարծում եմ, որ պետք է ներկայացվեն իրավապահ մարմիններին»,-եզրափակեց Հովհաննիսյանը։
Կոմիտեի ղեկավարն ավելացրեց, որ մեկօրյա ժամկետում նրանք պետք է վերադարձեն որակավորման վկայակաները, կամ պետք է լուծարել պայմանագրերը՝ այս խախտումների հիմքով։
«Խայտառակ վիճակ է հատկապես «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում։ Վերահսկողության վարչության ներկայացրած ցանկի 40 ընկերությունների մեծ մասը փոխկապակցված է ՊՈԱԿ-ի բաժնի պետերի կամ այլ աշխատակիցների հետ։ Խնդրում եմ, դուք էլ ուսումնասիրեք այս ցանկը և եռօրյա ժամկետում զեկուցեք իրավիճակի մասին»,-ՊՈԱԿ-ի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Արամ Ստեփանյանին դիմեց Սարհատ Պետրոսյանը՝ ավելացնելով, որ սա դեռ առաջին փուլն է, հաջորդում արդեն ընտանիքի հետ գործարքների առնչությունն է ուսումնասիրվելու։
Լուսանկարի հեղինակ՝ Նարեկ Ալեքսանյան, © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե