Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրցաձորի գյուղապետը հրաժարական չի տալու, իրեն զրպարտողներին էլ դատի է տալու

Հոկտեմբեր 01,2018 16:48

Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը չի պատրաստվում իր պաշտոնից հրաժարական ներկայացնել, ոչ էլ համայնքային հանրաքվեով է ուզում ապացուցել, որ ուրցաձորցիներն իրեն են ընտրում: Ասում է՝ 19 տարի է գյուղապետ է եւ Ճապոնիայից մինչեւ Եվրոպա գիտեն Ուրցաձորում ինչ աշխատանքներ է կատարել, ինչպես է համայնքը ծաղկեցրել: Եվ այսօր Ուրցաձորը ոչ թե աղքատությունն է փորձում հաղթահարել, այլ զարգացման ծրագրեր է կյանքի կոչում:

Ռաֆիկ Անդրեասյանը վստահեցնում է, որ ոչ մի կուսակցության չի հարում, գյուղի մանկավարժներին, գյուղապետարանի, ամբուլատորիայի աշխատակիցներին երբեւէ չի ասել՝ սրան կամ նրան ընտրի: Նրա ներկայացմամբ՝ իր դեմ հրաժարականի պահանջով ցույց անողները ոչ թե համայնքի հիմնական բնակիչներն են, այլ՝ Մանուկ Մանուկյանը եւ մի քանի գյուղացիներ, որոնց, ինչպես եւ Արարատի մարզպետին ապակողմնորոշել են եւ ոչ ճիշտ տեղեկատվություն տվել:

Մանուկ Մանուկյանը, որը նախկինում աշխատել է Վայրի բնության եւ արժեքների պահպանման հիմնադրամում, ըստ Ուրցաձորի համայնքապետի, լուրջ խնդիրներ է ունեցել իր ղեկավարի հետ եւ քանի որ հիմնադրամը ծրագրեր է իրականացնում Ուրցաձոր համայնքում, Մանուկ Մանուկյանը համայնքապետին հորդորել է ոչ թե հիմնադրամի տնօրենի կողքը կանգնի, այլ՝ իր: Սակայն պարոն Անդրեասյանի խոսքով, ինքը հրաժարվել է՝ ասելով, որ իրենք պետք է իրար մեջ հարցերը կարգավորեն, ինչից հետո սկսվել է իր նկատմամբ ցույցերն ու հրաժարականի պահանջը:

Մանրամասները՝ տեսանյութում

Համայնքապետին Մանուկ Մանուկյանը մեղադրում է չարաշահումների, որդու ու բարեկամների անուններով հողեր ու համայնքի գույքը վաճառելու մեջ: Ռաֆիկ Անդրեասյանն ասում է, գործը իրավապահների վարույթում է, մի քանի գործեր արդեն կարճվել են, իսկ Մանուկ Մանուկյանին դատի է տալու զրպարտելու համար:

Հարցին, թե հրաժարական չի՞ տալու, եթե համոզված է, որ ոչ մի դրամի յուրացում չկա եւ մեղադրանքներն էլ կեղծ են ու նորից առաջադրվելու, պարոն Անդրեասյանն ասաց. «Եթե անգամ 40 տոկոսն էլ տեսնեմ, իմ աշխատանքին դեմ են, ինձ դեմ են, ես այնքան թասիբ ունեի, այնքան մարդկություն ունեի, որ անպայման հրաժարական կտայի ու ոչ թե կդնեի, այլ՝ չէի դնի: Բայց, երբ որ իմ թիմակիցներն ամբողջությամբ կանգնում են ու ասում են՝ եթե դու հրաժարվես, քո տան պատերին, քո անցած դարձած ճանապարհին գրելու ենք՝ դավաճան, ես կարո՞ղ եմ այդ քայլին գնալ»:

Ռաֆիկ Անդրեասյանը պնդում էր, որ իր ունեցվածքի մեծ մասը գյուղապետ լինելուց առաջ էլ է ունեցել:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե համայնքապետ աշխատելու տարիներին ի՞նչ գույք է ձեռք բերել: Ի պատասխան, պարոն Անդրեասյանն ասաց՝ չեմ կարող հիշել, որ ցուցակը մոտս լիներ կասեի: Մեր այն դիտարկմանը, թե այդքան շա՞տ է, որ չի հիշում, պարոն Անդրեասյանն ասաց՝ խոսքը հողերի մասին է, այդ հողերն իմ որդին է ձեռք բերել.«Կես մասը հիմնականում արոտ է ու վարելահողեր: Մեկ հատ էլ անշարժ գույք»:

Համայնքապետը պնդում էր, որ ինչ հող էլ, որ վաճառել է, անկախ նրանից ով է ձեռքբերել՝ իր եղբայրը, թե մեկ այլ հարազատ կամ համագյուղացի, օրենքով, աճուրդով, հայտարարություններով է եղել ու կադաստրային արժեքից էլ ոչ պակաս գնով: Նրա խոսքով հայտարարությունը նաեւ գյուղապետարանում է փակցված եղել, որի մասին բոլոր գյուղացիներն իմացել են:

Ռաֆիկ Անդրեասյանը Արարատի մարզպետի հետ էլ է այս հարցը քննարկել եւ համոզված է, որ մարզպետին ապակողմնորոշել են: Նա նաեւ չի կարողանում հասկանալ, ինչո՞ւ է մարզպետի օգնականը բարձրախոսը վերցնում եւ ասում, որ մարզպետը կանգնած է ցուցարարների կողքին, այն դեպքում, երբ մարզպետն էլ իրավասու չէ ՏԻՄ ղեկավարի առաջ հրաժարականի պահանջ դնել: Սակայն, Ուրցաձորի ղեկավարը գտնում է, որ, եթե մարզպետը ճիշտ քաղաքականություն տանի եւ մարզը զարգացնի, ինքը կանգնելու է մարզպետի թիկունքին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031