Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ԵՊՀ մի խումբ պրոֆեսորներ փորձում են իջեցնել տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի վարկանիշը, նաեւ նամակներ հղում տարբեր ատյաններ ու պահանջում նրա հրաժարականը
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սարգսյանն ասաց. «10 տարի առաջ ես ունեցել եմ դեկանի այլընտրանքային մրցակցություն եւ հաղթել եմ: Այս 10 տարիների ընթացքում ֆակուլտետը իմ եւ ոչ միայն իմ գնահատմամբ, ունեցել է լուրջ ձեռքբերումներ: Հատկապես կնշեի սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի ստեղծումը, որի արդյունքներով զեկուցումներ են կարդում աշխատակիցները միջազգային ֆորումներում, կան բազում հրատարակություններ, այդ թվում` օտարալեզու:
Ասելիքս, սակայն, հետեւյալն է` 5 տարի առաջ նույնպես ընտրություն կատարվեց, եւ այն ժամանակ գիտական խորհրդի անդամները 57 հոգի էին, եւ այդ մրցապայքարում ես հաղթեցի 57 ձայնով: Ի դեպ, նաեւ այսօրվա զրպարտանք-նամակի հեղինակներն էին գիտական խորհրդի անդամ:
Վերջին ընտրությունը, որ տեղի ունեցավ 2018թ. հունիս ամսին, իրականացավ այլընտրանքային մրցակցային պայքարում եւ իմ մրցակիցը պարտվեց»:
Դեկանը հավելեց նաեւ. «Կատարվել են կառուցվածքային փոփոխություններ դեռեւս 2016-ին, որի արդյունքում ամբիոնի երկու վարիչներ զրկվեցին այդ պաշտոններից, որովհետեւ պարզապես երրորդ անձը հաղթեց: Հիմա ես այս ամենը բացատրում եմ ոմանց նեղացածությամբ: Նրանք սկսեցին դիմումներ ուղղել տարբեր ատյաններ` այդ թվում` ԵՊՀ ռեկտորատ, որի քննարկումների արդյունքում իրենց հիշեցրին գիտական խորհրդի այն որոշման մասին, որով ամբիոնները միավորվել էին եւ իրենք զրկվել էին ամբիոնի վարիչ լինելու հնարավորությունից, ընդ որում՝ իրենք կողմ էին քվեարկել այդ որոշմանը:
Ուրեմն ի՞նչ է նշանակում դրանից հետո վիճարկել այդ որոշման արդարացիությունը: Փաստորեն եւ կողմ են քվեարկել, եւ բողոքներ են հղում: Դրանից հետո 2 տարի է տարբեր ատյանների են դիմում` ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների պաշտպանին, եւ ստանում են միեւնույն պատասխանը` համալսարանի ղեկավարության կողմից, որ որեւէ կանոնադրական խախտում չի եղել, ընտրություններ են եղել օրինական: Այս ամենին զրպարտական բնույթի նամակ է հաջորդել, որ իբր ֆակուլտետի 20 աշխատակիցներ, որոնք վախենում են վախի եւ քծնանքի մթնոլորտից, չեն ուզում բացահայտվել, բայց պահանջում են դեկանի հրաժարականը:
Դրանից հետո ԿԳ նախարարությունը հանձնախումբ ստեղծեց, իսկ կոլեկտիվը ինքնաբուխ հավաք կազմակերպեց, ու 70-ից ավելի աշխատակիցներ ստորագրեցին մի փաստաթղթի տակ, որտեղ ասվում էր, որ հրաժարականի պահանջով նամակը զրպարտանք է»:
Հավելենք, որ կոլեկտիվի նամակում գրված էր, որ կառուցվածքային փոփոխությունները ոչ միանշանակ են ընկալվում, ոմանց մոտ դրանք ազնիվ մտահոգություն են առաջացնում, իսկ ոմանք էլ փորձում են շեշտադրել անձնական շահը եւ դիմում զրպարտության, ինչը դատապարտելի է: ԵՊՀ 70-ից ավելի աշխատակիցներ կոչ էին արել ԵՊՀ ճակատագրով իսկապես մտահոգ անձանց լինել սթափ եւ ուղիղ իրենց գնահատականներում:
Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Սարգսյանն ասաց. «Ես չեմ էլ ուզում բացահայտել զրպարտանքի անատոմիան, որտեղ կան արտահայտություններ, որոնք կարող է ուրիշ մարմինների քննարկմանն արժանանան…Ես մտահոգված եմ ուրիշ կտրվածքով, ինձ ավելի շատ մտահոգում է այն, թե ինչպես կարող են նման պրոֆեսորները համալսարանում տեղ ունենալ եւ զբաղվել նման մասշտաբի վնասարարությամբ: Ուսանողները եւ իրենց երիտասարդ կոլեգաները ի՞նչ դաս պետք է քաղեն նրանցից»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ