Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչից պետք է զարմանա Դանիել Իոաննիսյանը՝ ըստ Գեւորգ Պետրոսյանի

Հոկտեմբեր 01,2018 15:38

«Դատարան դիմելու ճանապարհը փակ չէ, եւ մենք իրավունք ունենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը դատարանում բողոքարկելու»,- Aravot.am- ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ պատասխանելով «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության համակարգող Դանիել Իոաննիսյանին:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին բողոք է ներկայացրել՝ ընդդեմ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության: ԲՀԿ-ում համոզված են, որ դիտորդական առաքելության համակարգողները Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի դեմ հակաքարոզչություն են իրականացրել ընտրություններից մեկ օր առաջ, լռության օրը մամուլի ասուլիս հրավիրելով եւ իրենց իրականացրած մոնիտորինգի արդյունքները հրապարակելով: Հիշեցնենք՝ ըստ այդ արդյունքների, «Բարգավաճ Հայաստանն» իբր գումար է վճարել ակտիվիստներին՝ քարոզարշավի եզրափակիչ օրը Հյուսիսային պողոտայում իրականացված ֆլեշմոբին մասնակցելու համար:

ԿԸՀ-ում ԲՀԿ-ի դիմումի քննությունից հետո «Անկախ դիտորդ» առաքելության համակարգող Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում իր զարմանքն ու տարակուսանքն էր հայտնել առ այն, որ ԲՀԿ-ն միանգամից դատական ատյանում չի վիճարկել այդ իրողությունը, քանի որ Ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները այդ հնարավորությունը տալիս են: Դանիել Իոաննիսյանը նաեւ հիշեցրել էր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունները, որ իրենք դատարան են դիմելու:

Aravot.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ իրենք նախընտրել են այս տարբերակով սկսել իրենց բողոքարկումները:

Իսկ ինչ մնում է Դանիել Իոաննիսյանի զարմանքին, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ վերջինիս կարող էր հուշել, թե ինչի վրա է պետք զարմանալ. «Ինքը զարմանքի ավելի լուրջ առարկա ունի. այն, որ չլինելով իրավաբան եւ ընդհանրապես կապ չունենալով իրավաբանության հետ, ղեկավարում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքային խումբը: Այ դա ավելի զարմանալի է»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ իրենք ի սկզբանե չվիճարկեցին այն իրողությունը, որ այդ աշխատանքային խումբը Դանիել Իոաննիսյանը պետք է ղեկավարի, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ի սկզբանե պարզ չէին իր իրական ցանկությունները եւ մտքի թռիչքը: Բայց երբ պարզվեց, որ մարդն ընդհանրապես իրավաբանության հետ կապ չունի, արդեն այդ աշխատանքները հասել էին ավարտին»:

Aravօt.am-ի հարցին՝ արդյոք այդ հանձնաժողովում Դանիել Իոաննիսյանը իր ցանկություններն էր առաջ մղում, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, որ համենայնդեպս առանց իր համաձայնության մարդը չի կարող իր վրա վերցնել նման խմբի ղեկավարի կարգավիճակում նշանակվելու գործը:

Մեր զրուցակիցը նաեւ պատկերավոր համեմատություն արեց. «Դա նույնն է, որ հիմա ինձ առաջարկեն աշխատել աստրոֆիզիկայի ինստիտուտի տնօրեն եւ ես համաձայնեմ: Առանց իմ համաձայնության հո չե՞ն կարող ինձ նշանակել: Ինքը՝ չլինելով իրավաբան, պետք է ձեռնպահ մնար, եւ առավել եւս՝ չլինելով իրավաբան, ինքը հսկայական մասնակցություն էր ունենում խմբի աշխատանքներին: Այ դա էր անթույլատրելի, այ թե ինչի վրա ինքը պետք է զարմանա»:

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը անցած շաբաթվա վերջում նաեւ մի հեռախոսազրույց հրապարակեց, որն իբր ապացուցում է իրենց պնդումը, թե ֆլեշմոբի մասնակցության համար ԲՀԿ-ն գումար է բաժանել: Ի դեպ, քանի որ նմանատիպ միջոցառումների մասնակցության համար գումար բաժանելը օրենքով սահմանափակված գործառույթ չէ, Դանիել Իոաննիսյանը շեշտադրում է անում այն հանգամանքին, որ համապատասխան հարկեր չեն վճարվել պետությանը:

Բուն ձայնագրության մասով Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ ձայնագրությանն այդքան էլ լավատեղյակ չէ, բայց քանի որ ձայնագրությունն իրավաբանական առումով չի կարող ապացույց հանդիսանալ, եթե արվել է գաղտնի՝ առանց մյուս կողմի իմացության:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031