«Երկրապահը ոչ մեկի սեփականությունը չէ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:
Նա հիշեց այն ժամանակաշրջանը, երբ երկրապահը համախմբված էր Վազգեն Սարգսյանի շուրջ ու պատմեց. «Երկրապահը կուռ ու համախմբված էր, նույնիսկ այդ ժամանակ ուժային կառույցներից սպարապետը թույլ չէր տալիս որևէ մեկը դառնա ԵԿՄ վարչության անդամ: Այն տղաները, որոնք ծառայությունից դուրս էին, նրանք էին վարչության անդամությունում»:
Անդրադառնալով երկրապահի գործունեությանը Մանվել Գրիգորյանի ղեկավարության տարիներին՝ Գագիկ Մելքոնյանը նշեց. «1999-ից հետո, երբ երկրապահի նախագահ ընտրվեց Մանվել Գրիգորյանը, այդ ժամանակ վարչության անդամներ դարձան ծառայության մեջ գտնվող բարձրաստիճան սպաներ, փոխնախարարներ, բանակի վարչության պետեր, ներքին գործերի նախարարության բարձրաստիճան սպաներ: Ուժային կառույցները ներգրավվեցին ԵԿՄ վարչության մեջ: Դրանից հետո տեղի ունեցան երկրապահի մասնատման աշխատանքները: Կոշտ բաներ տեղի ունեցան՝ ընդհարումներ և արդեն Մանվել Գրիգորյանի հետ շատ մարդիկ կային, որ չէին ուզում աշխատել: Դա ոչ միայն Մանվել Գրիգորյանի, այլև նախկին իշխանությունների խնդիրն էր, որ կուռ կառույցը մասնատեն, որ միացյալ, ամուր չմնան: Ու դա կատարվեց: ԵԿՄ-ն մասնատվեց տասից ավելի ՀԿ-ների: ԵԿՄ-ն սերտաճեց իշխանությունների հետ»:
Գագիկ Մելքոնյանը նշեց, որ այժմ ԵԿՄ-ն ունի 189 վարչության անդամ, որտեղ պատգամավորներն ու իշխանավորներն են. «Կարելի է ասել՝ բոլոր քաղաքապետերը վարչության անդամ են, ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները ԵԿՄ անդամ են: ՀՀԿ-ի 90 տոկոսից ավելին ԵԿՄ-ական է: Ոնց որ ՀՀԿ-ի մեծ մասը եղել է ԵԿՄ անդամ, այնպես էլ ԵԿՄ-ականները եղել են ՀՀԿ անդամ»:
Գագիկ Մելքոնյանը հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի դեպքերից հետո տեղի ունեցավ ԵԿՄ-ից առնետավազք. «Շատերն արդեն փախան. ասացին՝ մենք ուր, երկրապահն ուր: 189 անդամից երևի մի 300 հոգի են մնացել, տակը մնացել են այն տղաները, որոնք հենց սկզբից եղել են ԵԿՄ անդամներ»:
Գագիկ Մելքոնյանն ասաց, որ դեմ են նախագահական համակարգին. «Մեկ ղեկավարը չի կարող բոլոր հարցերը կարգավորել, իսկ եթե 7 անձով ՝ խորհրդով ղեկավարեն, հնարավոր չի լինի ԵԿՄ-ն պառակտել»:
Դառնալով ԵԿՄ վարչության թեկնածուներին՝ Արամ Սարգսյանին, Արայիկ Խուդավերդյանին, Սասուն Միքայելյանին, Գագիկ Մելքոնյանը վստահեցրեց՝ ուզում են, որ նրանք միասին հանդես գան վարչության կազմում։ Նրանցից ոչ մեկը չպետք է միանձնյա ղեկավարի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ