Ադրբեջանը միշտ պատրաստ է կառուցողական բանակցությունների և շփումների, որոնք կծառայեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
Նա հիշեցրել է, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում կարճատև զրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, ընդ որում, նրա խոսքով, դրա նախաձեռնողը եղել է Նիկոլ Փաշինյանը:
«Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոխարինելի, և որ բանակցությունները տարվում են հենց Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, որոնք հակամարտության կողմեր են: Նաև հավելեմ, որ նույն ձևաչափով սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, և հուլիսին Բրյուսելում տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Մենք դա դրական ենք գնահատում, և Ադրբեջանը միշտ պատրաստ է կառուցողական բանակցությունների և շփումների, որոնք կծառայեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի հավատարմությունը բանակցային գործընթացի գործող ձևաչափին»,- ասել է Հաջիևը՝ հավելելով, որ շփման գծում լարվածության առաջացման մեղավորը միայն Հայաստանն է:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ