ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առիթով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հարց առաջացավ՝ այն պաշտոնյաները, որոնք պարտավորություն ունեն գալ Քննիչ հանձնաժողովի նիստին ու տրամադրել տեղեկություն, եթե դադարեցնում են պաշտոնավարել, ի՞նչ է լինում իրենց հետ: Գործող օրենքով՝ պաշտոնատար անձանց համար Քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրվելու դեպքում ներկայանալը պարտադիր է, իսկ ոչ պաշտոնատար անձանց համար դա իրավունք է, ոչ թե պարտականություն:
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համահեղինակն է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Նա առաջարկեց սահմանել, որ պաշտոնատար անձանց համար քննիչ հանձնաժողովի նիստերին ներկայանալը պարտականություն է, բայց կարող են լինել պաշտոնատար անձինք, որոնք կարեւոր տեղեկություններ են կրում, պաշտոնից ազատվելուց հետո Քննիչ հանձնաժողով ներկայանալը եւ տեղեկատվություն տրամադրելը նրանց համար նույնպես լինի պարտականություն, ոչ թե իրավունք:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ինքը նախկինում Սահմանադրական փոփոխությունների ժամանակ արել է նման առաջարկ, որ պաշտոնաթող անձանց էլ պարտավորեցնեն տեղեկատվություն տրամադրել, բայց իրեն մերժել են. «Ես հիմա ուզում եմ ճշտել՝ որտե՞ղ է գրած, որ պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայանալ քննիչ հանձնաժողով եւ պատասխանել հարցերի: Այդ առաջարկը մերժվել է եւ հիմա գործող պաշտոնատար անձինք էլ կարող են չգալ»:
Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ Սահմանադրության 108 հոդվածի 3-րդ մասով պարտավոր են պաշտոնատար անձինք տրամադրել քննիչ հանձնաժողովի պահանջած ցանկացած տեղեկատվություն, իսկ տեղեկատվությունը լինում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր , դա տարընթերցման տեղիք չպետք է որ տա:
Մարուքյանը պնդեց, որ ինքը երբ այդ դրույթն ուզում էր ամրագրել, մի ամբողջ պետական ապարատ աշխատեց դրա դեմ, որ ներկայանալու պարտավորություն չլինի. «Օրինակ, ես լինեմ պաշտոնատար անձ, կասեմ՝ հարցերն ուղարկեք, ըստ Սահմանադրության կգրեմ, կուղարկեմ, չեք կարող պարտադրել ներկայանալ»:
Կոստանյանը պատասխանեց, որ այդ առաջարկը չի ընդունվել հենց այն պատճառով, որ գործող օրենքը դա կարգավորում է: Խոսքը ԱԺ Կանոնակարգ օրենքի 22-րդ հոդվածի մասին է:
Կոստանյանն ասաց. «Փաստորեն ձեզ չեն մերժել, օրենքում կա»: Ըստ Էդմոն Մարուքյանի, ուրեմն Սահմանադրության հետ հակասության մեջ է այդ օրենքը: Կոստանյանն արձագանքեց, որ եթե այդպես եք գտնում՝ դիմեք ՍԴ՝ հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ «տեսականորեն չի բացառվում, որ շատ կարեւոր տեղեկություն ունեցող պաշտոնատար անձ ինքնակամ պաշտոնից ազատվելու քայլին գնա ու որպեսզի նա պաշտոնից ազատվելով՝ չդադարի հանձնաժողովի հարցերին պատասխանելուց, հանձնաժողով ներկայանալու պարտականությունից, դրա համար մենք պետք է ապահովագրենք այդ ռիսկը»:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հարցրեց՝ խոսքը այն պաշտոնաթող անձանց մասին է, որոնց հարցում է ուղարկվել Քննիչ հանձնաժողովի կողմից, հետո՞ են պաշտոնաթող եղել, թե՞ առհասարակ բոլոր պաշտոնյաներին, որոնք ժամանակին պաշտոն են զբաղեցրել, հետո պաշտոնաթող են եղել: Արփինե Հովհանիսյանն ասաց, որ իրենք նեղ են դիտարկում, միայն այն պաշտոնյաները, որոնք քննիչ հանձնաժողովին պարտավոր են եղել տեղեկություն տրամադրել ու հետո պաշտոնաթող են եղել:
Մարուքյանը որոշակի կասկածներ ուներ, Կոստանյանն ասաց. «Այս հարցը Քննիչ հանձնաժողովի նիստում քննարկվել է, բոլորը միաձայն կողմ են եղել, որ նման նախագիծ լինի, այդ թվում՝ ձեր «Ելք» խմբակցության պատգամավորը»:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ եւ առաջիկա ԱԺ նիստում կքննարկվի: Էդմոն Մարուքյանը չմասնակցեց քվեարկությանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ