«2019 թվականի բյուջեի նախագիծն այս պահին համարում եմ իներցիոն: Իներցիոն, որովհետեւ մենք այս նախագիծը ձեւավորում ենք նախկինից եկած տրամաբանության շրջանակներում, որովհետեւ ընդունված է, որ բյուջեն հիմնված լինի ոչ թե կանխատեսումների վրա, այլ ավելի շատ այսօրվա իրողությունների վրա հենված կանխատեսումների վրա»,-այսօր այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով հայտարարեց, որ առկա նախագծի վրա էլ հընթացս աշխատանք են տանելու եւ բյուջեի պարամետրերը բարելավելու են:
Ասաց նաեւ, որ աշխատելու են բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ:
«Իհարկե բյուջեի քննարկումները դեռ պաշտոնապես չեն սկսվել, եւ առաջիկայում կսկսվեն եւ բյուջեի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ, պարզաբանումներ կունենաք: Մենք լրջորեն ծրագրում ենք Հայաստանում էականորեն կրճատել ծառայողական ավտոմեքենաների ցանկը եւ թիվը: Պլանավորում ենք էականորեն մեծացնել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը: Գիտեք, որ եզրափակիչ փուլ է մտնում Հարկային օրենսգրքի վերաբերյալ մեր բարեփոխումների փաթեթը: Շատ լուրջ բարեփոխումներ են պատրաստվում ոստիկանության համակարգում, ճանապարհային երթեւեկության կանոնների կարգավորման ասպարեզում եւ ընդհանրապես բոլոր ասպարեզներում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, բարեփոխումների հիմնական նպատակը պետք է լինի Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր եւ բարձրացնել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը. «Առանց պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, Հայաստանի ինդուստրիալիզացիայի կամ վերաինդուստրիալիզացիայի խնդիրը շատ դժվար կլինի լուծել եւ մենք պետք է այստեղ քայլ- քայլ համախմբված, վստահորեն գնանք առաջ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ