Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև վերջերս տեղի ունեցած զրույցը կարևոր նշանակություն ունի ղարաբաղյան բանակցային գործընթացի ակտիվացման համար: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:
«Նրանց կողմից բանակցային գործընթացին հավատարմության համատեղ հավաստիացումները, ինչպես նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնությունը՝ հանուն շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի կանխման, ողջամիտ քայլեր են, որոնք արդեն վաղուց բարձրաձայնվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից»,- ասել է Բրայզան:
Նա հավելել է, որ այդպիսի դրական անձնական շփումներն անհրաժեշտ են բանակցային գործընթացի ամրապնդման համար և առանցքային գործոն են փոխադարձ վստահության որոշակի աստիճան ապահովելու համար, ինչն էլ իր հերթին բանակցային գործընթացում ցանկացած բեկման նախադրյալ կարող է լինել:
Փաշինյան- Ալիև կարճատև զրույցը տեղի է ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ