Լրահոս
Օրվա լրահոսը

Ստվերային թատրոն՝ Գյումրու տոնին

Հոկտեմբեր 01,2018 14:37

Սեպտեմբերի 30-ին մեծ շուքով նշվեց «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը: Քաղաքի մշակութային օջախներում և հասարակական վայրերում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ: Յուրօրինակ այս նախաձեռնությունը նպատակ ունի ծառայելու ազգային ավանդույթների, արհեստի և արվեստի վերականգմանն ու պահպանմանը, ազգային մշակույթը, ծեսերն ու տոները ավելի կազմակերպված դարձնելուն` որպես քաղաքի զարգացման գրավական:

Քաղաքում տեղի ունեցած բազում միջոցառումների հետ մեկտեղ քաղաք էր վերադարձել արվեստի մի ճյուղ, որը երկար ժամանակ է, ինչ դադարել էր գոյություն ունենալուց։ Հիշեցման կարգով, Գյումրու դրամատիկական թատրոնի բազմափորձ դերասան, բեմադրիչ Հովհաննես Հովհաննիսյանը Մհեր Մկրտչյանի անվան տուն-թանգարանում վերակենդանացրել էր Ստվերների թատրոնը։

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, դեռ 60-ական թվականներից արվեստի մեռած ճյուղ է դարձել. «Ստվերային թատրոնը կոչվել է Ղարագյոզի թատրոն, այսինքն՝ գլխավոր հերոսը թատրոնի եղել է Ղարագյոզը։ Իհարկե, տարբեր ազգերի մոտ տարբեր է հնչել, մեզ մոտ նույնպես Ղարագյոզ են կոչել, սակայն ես մի փոքր կռիվ ունեմ այդ անվան հետ, ես այն վերափոխել և անվանում եմ Ղազարոսի թատրոն, որն ավելի հայեցի հնչողություն ունի։ Տիկնիկները պատրաստվել են թաղիքից, կաշվից, և լույսի ու ստվերի հարաբերակցությամբ, խաղացվել են»։

Ներկայացման թեման ուղղակիորեն առնչվում էր Գյումրու օրվա հետ, այն կրում էր «Պատկերներ Գյումրիից» խորագիրը, որտեղ ներկայացված էին Գյումրվա հին կոլորիտային կերպարները՝ Օրիորդ Վարսենիկից սկսած մինչև Խելառ Սարգիսը։ Այն ուղեկցվում էր հին Գյումրվա ժողովրդական երգերով։ Հանդիսատեսների շարքում կային նաև զբոսաշրջիկներ՝ Եվրոպայից, Ռուսաստանից, որոնք ինչպես հետո կիսվեցին, չէին հասկանում լեզուն, սակայն հիացած էին ներկայացմամբ։ Ներկայացումը բեմադրել էր Հովհաննես Հովհաննիսյանը՝ ուսանողական թատրոնի դերասանների հետ։

Շուշան ՍԱՐԳՍՅԱՆ

ՇՊՀ լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031