Մեկօրյա հանգստից հետո ազգային հավաքականները վերսկսել են պայքարը շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Մեր աղջիկները 6-րդ տուրում թիմային 3:1 հաշվով հաղթեցին Ռուսաստանի ուժեղ թիմին: Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը ոչ-ոքի արեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը հաղթանակ տարան: Մարիա Կուրսովան հանգստանում էր:
Այս հաղթանակից հետո մեր կանանց հավաքականը ԱՄՆ-ի եւ Վրաստան-1 թիմերի հետ 11-ական թիմային միավորով բաժանում է լավագույն եռյակը եւ միայն անհատական միավորներով է ընթանում 3-րդ տեղում:
Գերազանց հանդես եկան նաեւ մեր տղաները, որոնց մրցակիցը Մակեդոնիան էր: Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանին փոխարինած Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը առավելության հասան մրցակիցների նկատմամբ, Լեւոն Արոնյանը կես միավոր բերեց թիմին: Դիմակայությունն ավարտվեց Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթանակով՝ 3,5:0,5:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ