Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի միջոցով ներկայացրեց, թե «Երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրում ինչպիսի փոփոխություններ են եղել: Ասաց, որ երիտասարդ ընտանիքների համար նախատեսված արտոնյալ պայմաններն ընդլայնվել են. «Եթե նախկինում, երիտասարդ էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների առավելագույն տարիքը 65-ն էր, հիմա այն դարձել է 70 տարի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա, երիտասարդ ընտանիքները կարող են նաեւ երկրորդային շուկայից, այսինքն՝ ոչ նորակառույց շենքերից բնակարան ձեռք բերել. «Երեւանում հիպոթեքային վարկի առավելագույն տոկոսը կլինի 7,5%, իսկ մարզերում՝ 5,5 %: Խոսքն առավելագույն տոկոսի մասին է որոշակի աշխուժության եւ մրցակցության պայմաններում այդ տոկոսներն ավելի ցածր կարող են լինել»:
Վարչապետն ասաց, որ Կենտրոնական բանկի նախագահը վստահեցրել է, որ կան բանկեր, որոնք ավելի ցածր տոկոսով կարող են տալ:
«Եթե նախկինում պահանջվում էր բնակարան ձեռք բերելու համար կանխավճարը լինի բնակարանի արժեքի 30 տոկոսը, հիմա հնարավորություն կա կանխավճարը դարձնել 10 տոկոս՝ եթե առկա է երկրորդ գույքի գրավ կամ՝ բնակարանի արժեքի 20 տոկոսի չափով ապահովագրություն: Եթե բնակարանը գնում են երկրորդային շուկայից, ապա բնակարանի արժեքի շեմը սահմանված է առավելագույնը 25 միլիոն դրամ: Իսկ առաջնային շուկայից՝ նորակառույց շենքերից գնելու դեպքում՝ 30 միլիոն դրամ»,-պարզաբանեց վարչապետը:
Նրա խոսքով, նորակառույցից ձեռք բերելու դեպքում վարկի մարման ժամկետը 30 տարի է. «Սա աննախադեպ ժամկետ է, քանի որ Հայաստանի հիպոթեքի շուկայում այսպիսի ժամկետ չի եղել: Իսկ երկրորդային շուկայից ձեռք բերելու համար կգործի 20 տարվա ժամկետը»:
Վարչապետը նաեւ հիշեցրեց, որ առաջնային շուկայից բնակարան գնողները հետ են ստանում իրենց վճարած եկամտային հարկը, որն ուղղվում է տոկոսի մարմանը, ինչը նշանակում է, որ նրանց համար գործում են անտոկոս վարկեր:
Վարչապետն ասաց, որ հիպոթեքի որոշումը վերաբերում է նաեւ առանձնատներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ