Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

42 ավագ դպրոցի ծնող. «Ուսուցիչը դասարանում ասել է` տնօրենը տնօրեն չի, հեսա հանելու ենք»

Հոկտեմբեր 01,2018 13:33

Երեւանի Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում 9 մանկավարժ գործադուլ է հայտարարել: Նրանք պահանջում են դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանի հրաժարականը` նրան մեղադրելով տարբեր խախտումների մեջ: Ուսուցիչներն ու ծնողկոմիտեի անդամները, սակայն, պաշտպանում են տնօրենին:

ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը դպրոցում զրուցեց բոլոր կողմերի հետ: Դպրոցի տնօրենը նշեց, որ 28 դասավանդող մանկավարժից միայն 9-ն է գործադուլ անում: «Անօրինական բան է` թողնել երեխաներին մենակ ու գործադուլ անել: Նրանք երբեւէ չեն եկել ինձ մոտ ու պարզաբանում պահանջել»,-ասաց Թումանյանը:

Լուսինե Առաքելյանն էլ նշեց, որ իրենց հիմնական իրավասությունը, լիազորությունը երեխաների կրթական պրոցեսի ապահովումն է: Ասաց նաեւ, որ գործադուլավոր մանկավարժների հետ զրույցից հետո վերջիններս խոստացել են, որ դասապրոցեսը վաղվանից կվերականգնվի, մինչեւ մասնագետները համապատասխան ուսումնասիրություններ իրականացնեն այն հարցերի շուրջ, որոնց մասին դժգոհություններ կան:

«Դուք շատ ջերմ բարեւեք մարդկանց, ոչինչ, որ մի բան եք ասում, իրենք չեն լսում, մի նեղվեք, մի պահ դուք էլ հանդարտվեք, իրենք էլ թող հանդարտվեն, որ պահը որսանք, մտածենք՝ ինչպես լուծել խնդիրը: Մենք չենք կարող անընդհատ այստեղ լինել, պետք է լինենք մեր տեղում, որպեսզի կարողանանք լուծում գտնել: Ի դեպ, ԿԳ նախարարն էլ պարոն Արշակյանի (նկատի ունի հանրակրթության վարչության պետին-Գ.Հ) միջոցով հայտարարեց, որ գործընթացը լինելու է նախարարի վերահսկողության ներքո»,-տնօրենի հետ զրույցում ասաց Լուսինե Առաքելյանը:

Դպրոցի տնօրենը տարակուսանք հայտնեց. «Օրինակ, տիկին Բաղրամյանը սեպտեմբերի 3-ից չի կատարում իր աշխատանքային պարտականությունները, ես դրան չպե՞տք է անդրադառնամ»:

Դպրոցի միջանցքում փոխնախարարին մոտեցան աշակերտների ծնողները եւ ծնողկոմիտեի անդամները: Փոխնախարարը նրանց կոչ արեց երեխաներին չներգրավել նման պրոցեսներին: Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե մանկխորհրդի արձանագրությունը կեղծված է, Լուսինե Առաքելյանն այս մասին էլ ծնողներին ասաց. «Թույլ տվեք ուսումնասիրել`արդյոք կեղծվա՞ծ է մանկխորհրդի արձանագրությունը…Ես տիկին Բաղրամյանին էլ խնդրեցի, որ միանա իր թիմակից ընկերների որոշմանը եւ անցնի աշխատանքային պրոցեսին: Որեւէ մեկն իրավունք չունի աշակերտների դասի ժամին իր անձնական հարցերը լուծել»:

Ծնողներից մեկը նեղսրտեց, որ դասադուլավոր մանկավարժներից մեկը երեխաներին դասարանում ասել էր` «Տնօրենը տնօրեն չի, հեսա հանելու ենք տնօրենին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031