Տաճարի սկզբունքով կառուցված «Հայրենիք» կինոթատրոնը նախագծել է հայտնի ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանը: Այն ժամանակին վաճառվել է գրոշներով ու ձեռքից ձեռք անցել: «Հայրենիք» կինոթատրոնը բացվել է 1951թ., եւ առաջին ֆիլմը, որ ցուցադրվել է այստեղ, եղել է «Բեռլինի անկումը»: Երկու տասնամյակից ավելի է՝ «Հայրենիք» կինոթատրոնում ֆիլմեր չեն ցուցադրվում: Եվ շատ խորհրդանշական է, որ «Սոսե» կինոփառատոնի բացումը Հայրենիք» կինոթատրոնում Վիլյամ Սարոյանի համանուն պիեսի էկրանավորմամբ, Մարատ Վարժապետյանի «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» ֆիլմն է: «Հայրենիքն» ունի այլ բախտակիցներ, ինչպես, օրինակ, առեւտրի կենտրոնի վերածված «Ռոսիա» կինոթատրոնը, Երեւանի սրտում գտնվող «Մանկական աշխարհ» հանրախանութի նախկին շենքը, որոնք սպասում են իրենց վերարժեւորման ժամին: Մանկական աշխարհի ճարտարապետներ Մազմանյանը, Քոչարը, Ահարոնյանը եւ Մարգարյանը իրենց ամենավատ երազում անգամ չէին կարող պատկերացնել, որ հրաշալի կառույցը կարող է շինարարական ուրվականի վերածվել, մինչդեռ մասնագետների համոզմամբ՝ այն պատկերասրահի հրաշալի տարածք կարող է լինել:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
29.09.2018