ԵՄ Ռեգիոնների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկկու Մարկուլայի հավաստմամբ՝
ԵՄ անդամ երկրներում նկատում են, որ քաղաքների դերակատարությունը
կառավարման ոլորտում մեծացել է:
ԵՄ Ռեգիոնների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկկու Մարկուլայի հավաստմամբ՝ ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Եվրոպայում Հայաստանից սպասելիքներն ավելի մեծ են:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին Կիեւում անցկացվեց Արեւելյան գործընկերության տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) լիագումար նիստը: CORLEAP լիագումար նիստի ընթացքում համանախագահությունը փոխանցվեց Հայաստանին: Համանախագահ ընտրվեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
«Առավոտի» հարցին՝ այն, որ Արեւելյան գործընկերության տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) լիագումար նիստի ընթացքում CORLEAP համանախագահությունն անցավ Հայաստանին, դա ի՞նչ կտա մեր երկրին՝ լրացուցիչ ֆինանսնե՞ր, ծրագրե՞ր, Մարկկու Մարկուլան չբացառեց, որ կլինի նաեւ ֆինանսական աջակցություն, եւ մանրամասնեց. «Մեր հիմնական սպասելիքներն անդամ երկրներից հիմնականում նույնն են: Մենք հատկապես կարեւորում ենք կրթությունը, գիտությունը եւ այս ոլորտում բարեփոխումները: Ես Հայաստանում եմ եղել չորս տարի առաջ. հատուկ զեկույց էի պատրաստում գիտության, կրթության եւ նորարարության մասին: Կան Եվրամիության մի շարք ծրագրեր, Հայաստանի համար, որպես ասոցացված գործընկեր, դռները բացվել են: Մնում է, որ Հայաստանը կարողանա օգտագործել եւ ինտեգրվել»:
«Առավոտի» հիշեցմանը՝ գարնանը Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, այդ իրողությունից ելնելով՝ մեր երկրից ի՞նչ ակնկալիքներ ունեն, Մարկկու Մարկուլան այսպես արձագանքեց. «Ներկայումս եվրոպական քաղաքականության բանալին ենթադրում է ավելի շատ ճնշում տեղական համագործակցությանը. ինչպես կազմակերպել կրթությունը, գիտությունը, գործընթացներ, որոնք ուղղված են ժողովրդավարության զարգացմանը: Հայաստանում նոր մարդիկ են անցել վարչական աշխատանքի, նոր կադրեր, ուստի սա լավ հնարավորություն է Հայաստանի համար փոփոխությունների առումով: Մենք էլ կարող ենք անձնապես օգնել, բայց Հայաստանն ինքը պետք է կատարի փոփոխություններ: Պետք են ենթակառուցվածքային փոփոխություններ, որպեսզի մարդիկ տեսնեն կոնկրետ արդյունքներ»:
Մեր այն մտահոգությանը՝ հեղափոխությունից հետո էլ դեռ շարունակում են գոյություն ունենալ նույն խնդիրները, օրինակ՝ մարզպետների՝ համայնքային խնդիրներում ներգրավվելը, թեեւ օրենքով նման լիազորություններ չունեն, ԵՄ Ռեգիոնների կոմիտեի նախագահի առաջին տեղակալն արձագանքեց. «Այս խնդրի լուծման բանալին այն է, թե ինչպես են տեղական մակարդակում համագործակցությունը կազմակերպում: Նույնիսկ ԵՄ անդամ երկրներում մենք տեսնում ենք, որ քաղաքների դերակատարությունը մեծացել է»:
Մեր այն հարցին՝ տեսնո՞ւմ են ՀՀ կառավարության կողմից քաղաքական կամք՝ անել այնպես, որ համայնքներն իրոք անկախություն ձեռք բերեն, Մարկկու Մարկուլան պատասխանեց. «Շատ կարեւոր գործոն է հատկապես մարդկանց վստահելը, ներգրավվածությունը: Սրանք այնպիսի բաներ են, որոնք հենց այնպես բառեր չեն, այլ կոնկրետ ազդեցության գործոններ են: Եթե երկիրն օգտագործի այն գործիքները, որոնք տրամադրում է ԵՄ-ն, օրինակ՝ բիզնեսի զարգացման, կլիմայի փոփոխության ոլորտներում, այդ դեպքում Հայաստանը եւս կարող է մեծ թափով զարգանալ: Իսկ դա նաեւ տեղական իշխանությունների կարողությունների հարցն է»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
29.09.2018