«Փորձում ենք նրանց մեջ առաջացնել քաղաքացիական հասարակության մաս լինելու զգացումը, ուզում ենք, որ մեր երիտասարդները գիտակցեն՝ իրենք ոչ թե մեր ապագան են, այլ ներկան են: Իրենք պետք է փոփոխություններ անեն եւ որոշեն, թե ոնց պետք է լինի մեր ապագան»,- ներկայացնելով կազմակերպության առաքելությունը՝ ասաց Գյումրիում գործող «Երիտասարդների տուն, բաց երիտասարդների կենտրոն»-ի համակարգող Գայանե Առաքելյանը: Նրա խոսքով՝ ծրագիրն այն առումով է եզակի, որ Հայաստանում առաջին երիտասարդների տունն է բացվել: Կենտրոնը ցերեկային է, եւ կարող են այցելել 13-ից 18 տարեկան երեխաներ` ժամանակ անցկացնելու: Երիտասարդներին կենտրոնում ոչինչ չեն պարտադրում` ով ինչով ուզում՝ զբաղվում է: Եթե չեն ցանկանում մասնակցել կազմակերպված լեզվի, համակարգչային եւ այլ դասընթացներին, պարզապես խաղեր են խաղում, օգտվում ինտերնետի ծառայություններից, զբոսնում: Երիտասարդների տունը գործում է այս տարվա մայիսից եւ արդեն 300 շահառու ունի: Գյումրեցի երեխաները փողոցում ժամանակ անցկացնելու փոխարեն հաճախում են այստեղ: Գայանե Առաքելյանի խոսքով՝ կնտրոն այցելած երիտասարդն ունի բոլոր հնարավորությունները ինքնակրթվելու, զարգանալու, սեփական գաղափարները կյանքի կոչելու համար: Նպատակներից մեկն էլ, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց Գայանե Առաքելյանը, երեխաների մոտ որոշ կարծրատիպեր կոտրելն է:
«Տղաները սկզբում կարծում էին, որ աղջիկներն ավելի քիչ հնարավորություններից պետք է օգտվեն, որ իրենք առավել են, որ ավելի շատ իրավունքներ ունեն, քան աղջիկները, կամ կան խաղեր, որ աղջիկները չպետք է խաղան, որովհետեւ գյումրեցի աղջիկներին այդ խաղերը հարիր չեն: Հիմա այդպես չեն մտածում, նրանց մոտ փոփոխություն ենք նկատում, միասին են խաղում ե՛ւ տղաները, ե՛ւ աղջիկներն անում են նույն բաները: Մեր երիտասարդ աշխատողների հետ իրենց խնդիրներով են կիսվում եւ մասնագետի խորհրդատվություն ստանում: Փորձում ենք նրանց ամեն ինչով օգնել եւ փոխել մշակույթը` ցույց տալով, որ աղջիկ-տղա հարաբերությունը այնպես չէ, ինչպես միգուցե իրենք տեսել են իրենց ընտանիքներում: Իհարկե, այդ ամենն անում ենք ոչ ուղղակիորեն ասելով: Այստեղ այնպիսի միջավայր ենք փորձում ստեղծել, որպեսզի տեսնեն` ինչպես պետք է լինեն հարաբերությունները տղաների եւ աղջիկների միջեւ, որ իրենք հավասար են, որ մշակութային շատ կարծրատիպեր, որ տարիներ շարունակ եղել են, որ գյումրեցի աղջիկը, գյումրեցի տղան չպետք է անի, փորձում ենք փոխել»:
Մեր հարցին՝ հե՞շտ է Գյումրիում կարծրատիպեր կոտրել, Գայանե Առաքելյանն ասաց` հեշտ չի, շատ երկար ժամանակ է պահանջում. «Դա մեր թիմի ամենօրյա աշխատանքի արդյունքում է, որ հնարավոր է լինում ինչ-որ բան փոխել, բայց, միանշանակ, փոփոխություն նկատում ենք»: Ասում է` կենտրոնում այնպիսի միջոցառումներ են կազմակերպում, որտեղ աղջիկներն ու տղաները հավասարաչափ մասնակցություն են ունենում. «Կենտրոն գալուց առաջ, օրինակ, չի եղել, որ աղջիկ-տղա միասին դուրս գան իրենց բակը մաքրեն: Կամ Երիտասարդների միջազգային օրը հեծանվային երթ ենք կազմակերպել»:
Ըստ Գայանե Առաքելյանի՝ սկզբում տղաների եւ նաեւ ծնողների համար խորթ է եղել, եւ ոմանք չեն թողել իրենց աղջիկներին մասնակցել հեծանվաերթին` մտածելով, որ աղջիկները հեծանիվ չպետք է քշեն, որովհետեւ դա տղաների համար նախատեսված զբաղմունք է. «Արդյունքում մենք ունեցանք 15 աղջիկ, որոնք ընդհանրապես քշել չգիտեին հեծանիվ, շատ կարծրատիպեր ունեին, չէին կարողանում արտահայտվել, բայց ծրագրին մասնակցելուց հետո այնքան են ինքնավստահ դարձել, որ ամփոփիչ միջոցառման ժամանակ ծնողները եկել էին եւ հպարտությամբ նայում էին աղջիկներին` թե ինչքան են կայացել, ինքնավստահ են դարձել: Այսօր արդեն աղջիկները պատրաստ են պաշտպանել ե՛ւ իրենց իրավունքը, ե՛ւ իրենց համայնքում փոփոխություններ անել»:
Մեր այցելությունը Գյումրի կազմակերպել էր «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնը:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
29.09.2018