Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամուսնալուծությունը դառնալու է անհնարին

Հոկտեմբեր 01,2018 14:00

Ամուսնալուծվել ցանկացողներն արդարադատության նախարարության այս նախագծի՝ օրենք դառնալու դեպքում ստիպված են լինելու դատարանին ներկայացնել ձեւական գույքային վեճեր՝ դատարանով ամուսնալուծվել ցանկանալու համար

Կառավարությունը երկու օր առաջ որոշում է կայացրել հավանություն տալ «Ընտանեկան օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։ ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ համաձայն «ՀՀ ընտանեկան օրենսգրքի» 16-րդ հոդվածի 1-ին մասի գ կետի՝ ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով. «Մի շարք երկրների ամուսնաընտանեկան իրավակարգավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ ամուսնությունն առավելապես լուծվում է դատական կարգով` ամուսիններից մեկի` ամուսնալուծվելու վերաբերյալ համաձայնության բացակայության պարագայում»:

Փոխնախարարը նշել էր նաեւ, որ հայաստանյան դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման նկատառումներից ելնելով՝ առաջարկվում է ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատական կարգով ամուսնալուծվելու հնարավորություն նախատեսել միայն այն դեպքերում, երբ առկա է օրենքով կանխորոշված շահերի հաշվառման եւ պաշտպանության անհաժեշտություն, այսինքն՝ ամուսնալուծության հետ միաժամանակ ներկայացվել են նաեւ «Ընտանեկան օրենսգրքի» 17-րդ հոդվածով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ: Մասնավորապես, ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում ամուսնալուծությունը դատական կարգով իրականացնելու հնարավորություն կլինի միայն այն դեպքերում, երբ ամուսնալուծության պահանջի հետ մեկտեղ կներկայացվեն նաեւ այլ պահանջներ. արդյունքում էականորեն կնվազի դատարանների ծանրաբեռնվածության մակարդակը:

Որպես պատճառաբանություն-քայլ բերվում էր վիճակագրական հետեւյալ տվյալները. 2015-17թթ. գրանցվել է 1430 ամուսնալուծություն, որից 400-ը՝ փոխադարձ համաձայնությամբ՝ առանց գույքային եւ այլ պահանջների: Կանխորոշվել էր, որ այս փոփոխություններից հետո, միջին հաշվարկով դատարանները տարեկան 400 գործի թեթեւացում կունենան:

Զրուցակիցս՝ «Էլոֆանտ» փաստաբանական գրասենյակի ղեկավար-գործընկեր Գեւորգ Հակոբյանը դեռ այս տարվա մայիսի 25-ին դիմել էր ՀՀ արդարադատության նախարարությանը, ներկայացնելով «Հանրագիր» նշյալ հարցի վերաբերյալ՝ առաջարկելով արտադատական կարգով ամուսնալուծության մոդել. այս առաջարկին «Առավոտն» անդրադարձել է: Ինչպես բացատրում է «Հանրագրի» հեղինակը՝ հանրագրով առաջարկած մոդելը նախարարությունը չի վերցրել, այլ մշակել է մի նախագիծ, որը ամուսնալուծության հայկական իրավական ինստիտուտը ավելի հետընթացի է ենթարկելու:

Նա ուշադրությունը հրավիրեց երեք կետերի վրա.

Առաջին. ամուսինների փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծությունը նոր երեւույթ չէ. այն Ընտանեկան օրենսգրքում վաղուց կա, եւ նախարարությունը նոր բան չի առաջարկում։

Երկրորդ. այն դեպքերի համար, երբ չկա ամուսինների փոխադարձ համաձայնություն, կամ ամուսիններից մեկը խուսափում է ներկայանալ ՔԿԱԳ մարմին, ապա գործող օրենսդրությամբ ամուսնալուծությունը կարող է իրականացվել միայն դատական կարգով։ Իսկ որպեսզի ամուսնալուծվել ցանկացող ամուսինները դատարաններում անհավանական դատավարական բեռի տակ չընկնեն, եւ դատական կարգով ամուսնալուծությունը լինի իսկապես հնարավոր, Ընտանեկան օրենսգրքով նախատեսված է հնարավորություն ամուսնալուծությունն իրականացնել դատական կարգով ամուսիններից մեկի ցանկությամբ (առանց խուսափելու կամ անհամաձայնության ապացուցման նախապայմանների)։ Եթե նախարարության նախագծով ամուսիններից մեկի ցանկությամբ ամուսնալուծության հնարավորությունը վերացվի, հայցվոր ամուսինները չեն կարողանալու ապացուցել պատասխանող ամուսնու ամուսնալուծությունից խուսափելը, կոպիտ ասած՝ դատարանում պարտվելու են. ինչի արդյունքում ամուսնալուծվելու հայցով դատարանին են դիմելու մեկից ավելի անգամ։ Սա ոչ թե նվազեցնելու է դատարանների ծանրաբեռնվածությունը, այլ հակառակը՝ ավելացնելու է։

Երրորդ. նախարարության առաջարկով ամուսնալուծության գործերը առանց գույքային կամ երեխաների վերաբերյալ պահանջների դատական կարգով չեն քննվելու։ Սա առաջացնում է երկու լուրջ խնդիր։

Ըստ զրուցակցիս, «Նախ ամուսնալուծության պահանջով գործերը ավելի քիչ դատական ռեսուրս են պահանջում, քան, օրինակ, ամուսինների գույքային վեճերը, կամ երեխաների հետ կապված վեճերը։ Եթե պետությունը ստիպում է այս հարցերը քննարկել միասին, ապա խախտում է ողջամիտ ժամկետում գործերի քննության հիմնարար սկզբունքը։ Վերջապես, ամուսնալուծվել ցանկացողները նախարարության այս նախագծի՝ օրենք դառնալու դեպքում ստիպված են լինելու դատարանին ներկայացնել ձեւական գույքային վեճեր՝ դատարանով ամուսնալուծվել ցանկանալու համար։ Ինչը նորից նշանակում է, որ դատական ռեսուրսի վատնումը ոչ թե քչանալու, այլ ավելանալու է»։
Նա նաեւ կանխատեսում է. «Այս նախագիծն օրենք դառնալու դեպքում Հայաստանի ամուսնալուծության ինստիտուտը հետընթաց կապրի»:
Փաստաբանը նաեւ հիշեցրեց, որ աշխարհի տարբեր երկրներում ամուսնալուծության մոդելները տարբեր են։ Կան տրադիցիոն մոդելներ (օրինակ՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա), որտեղ ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, ընդ որում՝ կամ նախապայմանների պահանջով (օրինակ՝ ամուսիններից մեկը պետք է լինի չբեր կամ դավաճանած լինի), կամ առանց նախապայման (երբ ամուսնալուծվելու ցանկությունը բավարար է եւ նախապայմաններ չեն պահանջվում. այդպիսի մոդել է օրինակ՝ Հայաստանի գործող մոդելը). կան եւ առաջադիմական մոդելներ, օրինակ՝ Շվեդիայի մոդելը, որտեղ ամուսնալուծությունը կատարվում է արտադատական կարգով (դիմում ներկայացրած ամուսնուն տրվում է մտածելու ժամկետ, որից հետո, եթե նա պահանջում է ամուսնալուծվել, ապա ամուսնալուծությունը գրանցվում է)։

Գ.Հակոբյանն առաջարկել էր առանց ամուսինների փոխադարձ համաձայնության ուրույն մոդել՝ մեկ ամուսնու դիմումով ամուսնալուծությունների արտադատարանական կարգ, եւ առաջարկված մոդելը չի ենթադրում դատական վերահսկողությունից դուրս բերել ամուսինների գույքային հարաբերություններին, երեխաների, ալիմենտին առնչվող վեճերը: Այս հանրագրով դատարանը կանխատեսվում էր թեթեւացնել ոչ թե 400, այլ շուրջ 800 գործով։

«Առավոտի» այն դիտարկմանը, թե մեր դատարաններն էլ նման գործերով ամուսիններին վեց ամիս ժամկետ են տալիս, Գ.Հակոբյանը պատասխանեց. «Չնայած Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածով նախատեսված է դատարանի իրավունքը ամուսիններին հաշտեցնելու միջոցառումներ ձեռնարկելու մասին, սակայն դատարանը սահմանափակվում է ընդամենը վեճը հաշտությամբ լուծելու կամ հաշտվելու առաջարկով: Հաշտության համար դատական ռեսուրս վատնել պետք չէ, հաշտություն կարելի է առաջարկել նաեւ վարչական կարգով ամուսնալուծության ժամանակ ծանուցում իրականացնելով»:

Զրուցակիցս նաեւ բացատրեց «առաջադիմական ամուսնալուծության մոդելների» ներդրման առավելությունները. եթե երկիրը ամուսնալուծության հեշտ կարգ է նախատեսում, ապա ավելի բարդ կարգ նախատեսող երկրների ամուսինները գալիս են այդ երկիր ամուսնալուծվելու՝ բերելով տուրքերի եւ դրամական միջոցների ներհոսք։
Այսպիսով, կառավարության երկու օր առաջ հաստատած «Ընտանեկան օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը լավ նպատակ է հետապնդում, բայց նախագծով առաջարկվող մոդելը «ունքը ուղղելու փոխարեն աչքն էլ հետն է հանելու»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

29.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031