Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կոմիտասը չսպասեց, որ իրեն ասեն, թե հիմա հեղափոխություն է, սկսիր աշխատել»

Հոկտեմբեր 01,2018 13:30

Հարցազրույց լիսաբոնաբնակ ճանաչված երաժիշտ,
ջութակահարուհի Նարինե Դելլալյանի հետ

– Վերջերս Երեւանում կազմակերպել էիք Հայրիկ Մուրադյանի գրքի շնորհանդես-համերգը, խնդրում եմ մի քիչ մանրամասնեք, թե ինչպես եք ամեն հայաստանյան այցը նշանավորում մշակութային որեւէ միջոցառմամբ:

– Այո, մի քանի օր առաջ մեր մշակույթի սիրահարների, մասնագետների առջեւ դրեցինք Հայրիկ Մուրադյանի միջոցով մեզ հասած 150 երգերից բաղկացած «Հայրենի երգերը» ժողովածուն, որը տարիներ առաջ Նրա ձայնից վերծանել, նոտագրել է պրոֆեսոր, ֆոլկլորագետ Ալինա Փահլեւանյանը։ Բացառիկ կատարելությամբ արված մի աշխատություն, որն ուսումնասիրողի համար հրաշալի հարուստ նյութ է։ Ամենանրբին մոտեցումներով, հայկական երգին հատուկ ձայնային ելեւէջների նկատմամբ մանրամասն ուղղորդությամբ, որը կատարողին հասանելի է դարձնում երգի կատարման մանրամասները, ձայնային գունեղությունը։ Գիրքը տպագրեցինք 3֊րդ անգամ եւ այս փաստը անչափ ուրախալի է։ Կա պահանջարկ, կա ազգագրական մշակույթի նկատմամբ մեծ հետաքրքրություն։ Դա նշանակում է, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ։ Այս գրքի տպագրումը նաեւ պայքար է այն աղտոտված երգի դեմ, որը հարմարավետորեն տեղ է գրավել շատերի կենցաղում։

Գրքի պատրաստման համար կրկին շնորհակալությունս «Նարեկացի» արվեստի միությանը, իսկ ֆինանսական աջակցության համար՝ ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղին, գեղարվեստական խմբագիր Արտակ Բաղդասարյանին, «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ամեն անգամ տուն վերադարձս իմ եւ ազգիս առաջ հաշվետվություն է արածս գործերի մասին։ Այս անգամ կենտրոնը Հայրիկն էր եւ ընկերներից մեկն ասաց, որ ամեն քո այցելությունից է՛լ ավելի ենք հայրիկոտվում։ Դա ամենաբարձր գնահատանքն էր ինձ համար։

– Վկան եք հայաստանյան վերջին իրողությունների, ինչպես եք գնահատում այդ ամենը՝ որպես երաժիշտ եւ քաղաքացի:

– Կարծում եմ ամեն գիտակից մարդու համար պարզից էլ պարզ է, որ այն իրավիճակը, որին հասցվել էր մեր երկիրը՝ անհնար էր շարունակել եւ բնականաբար, տեղի ունեցած իրադարձությունները անխուսափելի եւ տրամաբանական շարունակությունն էր ի դեմ տարիներով անդունդի բերանը տանող քաղաքականությանը։ Միշտ կողմնակից եմ հիվանդոտը բուժելուն, փչացածը, նեխածը դեն նետելուն եւ նոր էջ բացելուն։ Այսօր հասարակության առողջ շերտի ձգտումն է վերջապես ստեղծել դարերի խորքից ժայռի պես ամուր կանգնած ու տարբեր փոթորիկներից անցած ու դիմացած Հայոց երկրին համապատասխան արժեհամակարգով երկիր։ Սա է իմ երազանքը, ձգտումը եւ արածներիս նպատակը։

– Ինչպե՞ս հայաստանյան հեղափոխությանը անդրադարձան պորտուգալական մամուլում, ինչ տպավորիչ արձագանքներ եղան:

– Դեռ մայիսյան օրերին, երբ ամեն բան եռում էր մեր երկրում, հիշում եմ, առաջին անգամ էի տեսնում, որ եւ պորտուգալական հեռուստաալիքները, եւ մամուլը այդչափ անդրադառնային մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին։ Եվ ընդհանրապես միջազգային արձագանքը շատ դրական էր։ Դրա ապացույցն է նաեւ առնվազն մի քանի օր առաջ ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար, ազգությամբ պորտուգալացի Անտոնիո Գուտերեշի բարձր գնահատանքը մեր երկրում տեղի ունեցածի մասին եւ նա մի քանի անգամ շեշտեց fantastic բառը։ Մեզ մնում է տեր կանգնել մեր ձեռք բերածին եւ Հայաստանը դարձնել բոլոր իմաստներով օրինակելի երկիր։ Ես շատ ընկերներ ունեմ, որոնք ճամփորդել են Հայաստանով եւ միշտ նույնն եմ լսել նրանցից, որ մի անբացատրելի էներգիա կա այս երկրում, որը կրկին վերադառնալու ձգտում է արմատավորում մարդու հոգում։ Կարծում եմ՝ սա նախ եւ առաջ Մարդկայնությունն է, որ նրանք գտնում են այստեղ։ Հատկություններ, որոնք չնայած կյանքի դժվար պայմաններին՝ մարդիկ չեն կորցրել։ «Գութան չէլնէր, աշխարհն ի՞նչ էր»… այսպիսին է մաքրամաքուր, մի քիչ էլ միամիտ հայ մարդը։ Ինչպես ֆրանսիացին է ձգտում մնալ ֆրանսիացի, ինչպես իսպանական ժողովուրդներն են պայքարում իրենց ինքնությունը հաստատելու համար, այնպես էլ մեր սրբազան պարտքն է հայ մնալ, մեր էությանը հարազատ։ Դրանով է աշխարհը հետաքրքիր։

– Տպավորությունները Երեւանի քաղաքապետի ընտրություններից:

– Տպավորություններս հրաշալի են։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ երբ չկա մարդուն փչացնող ու ստրուկ դարձնող ուժը, կաշառատուն եւ կաշառակերը, մարդը գնում եւ ձայնը տալիս է նրան, ով իսկապես իր սրտով է։ Սա հենց ինքը՝ քաղաքակրթությունն է։ Փող բաժանել, ձայներ գնել, այդ ինչ բարքեր էին… Հրաշալի է, որ անցյալի սարսափելի պատկերները այլեւս չեն վերադառնալու, որին հավատում եմ ես, որ այդ օրերին մեր կրթական համալիները, դպրոցները այլեւս չեն դառնալու ստի եւ կեղծիքի օրրան։ Ուսուցիչը չի անարգվելու…իսկ այս ամենի ֆոնին ամենակարեւորը, որ ձեւավորվում է քաղաքացին, այն քաղաքացին, որը արժանապատիվ է, ով ճանաչում է իր իրավունքները, պահանջ եւ տալիք ունի։

– Ի՞նչ տեսակ Երեւան եք ուզում տեսնել ընդհանրապես:

– Երեւանը իմ քաղաքն է, որտեղից կցանկանամ, որ այլեւս ոչ մի քար չպակասի։ Անդառնալի ոչնչացրածն այլեւս հետ չենք բերի, քանդողներն էլ անհետ կկորեն ու կգնան։ Վերջ։ Այսօր կառուցելու ժամանակն է։ Ամեն մեկս մեր տեղում, մեր գործով մի բան պետք է անենք բարոյականությունը ամրապնդելով։ Քաղաքը բարդ օրգանիզմ է, որտեղ ամեն բան ներդաշնակության մեջ պետք է լինի ու այնպես չի լինում, որ շտկենք ճարտարապետությունը, կառուցապատումը, բայց տրանսպորտը, աղբահանումը մնան իրենց հին վիճակում եւ սփոփվենք մի գեղեցիկ շենքով։ Այն գեղեցիկ է ամբողջության մեջ։ Իսկ ներդաշնակությունը նախ եւ առաջ մենք ենք ապահովում մեր շենքի տանիքները չգրավելով ու մեզ համար եւս մեկ հարկ չկառուցելով։ Պատշգամբը ամենատարբեր գույների թիթեղներով չշրջափակելով կամ այդ նույն պատշգամբը հանկարծ մի քանի մետր առաջ չհրելով։ Միայն մեր դռան առջեւ մաքրելով ու հետո ձեռքի տակ եղած աղբը այս ու այն կողմ շպրտելով։ Մեր քաղաքը կարիք ունի նաեւ համակարգվելու։ Հնարավոր չէ մանկական խաղահրապարակը, հեծանվադաշտը, փչովի պլաստիկ խաղալիքները, ամենատարբեր ճաշակի սարսափազդու «երաժշտություն» հնչեցնող սրճարանները եւ օպերային թատրոնը լինեն նույն տեղում։ Այս ամենը գեղեցիկ եւ տրամաբանական կլինի առանձին, իր միջավայրին համապատասխան տեղում, բայց ոչ բաբելոնային քաոս հիշեցնող օպերային բակում, այդ փառահեղ կառույցի առջեւ։ Սա եւ նման այլ պատկերներ ոչ այլ ինչ են՝ քան էթիկայի եւ գեղագիտության բացարձակ բացակայություն, որի արդյունքում էլ ստեղծվում է հոգեւոր եւ ֆիզիկական անհարմարավետություն։ Կուզենայի նաեւ, որ Երեւանը, որ համարյա պետություն քաղաք է հիշեցնում, չկենտրոնանար միայն կենտրոնում, այլ մի քիչ տարածվեր, կանաչապատվեր։ Մի խոսքով, Երեւանի մասին այդքան սեր արտահայտող երգերից անցնենք առավել գործնական սիրո։

– Ցանկացած հեղափոխություն վերջնական հաղթանակի չի հասնի, եթե չլինի մշակութային հեղափոխություն: Ձեր կարծիքով՝ ե՞րբ դա տեղի կունենա:

– Կարծում եմ մշակութային հեղափոխությունը նախ մեր կենցաղից պետք է սկսվի, ամեն մեկիս ներսում, անարժեքը մերժելով եւ առողջը հիմնավորելով։ Եթե մեր պատկերացման մեջ ունենք, թե ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ, այն, որ պետությունը հենց մենք ենք եւ ինչպես ամեն բան անում ենք, որ մեր տանը բարոյական առողջ օրենքներ գործեն, այդ դեպքում սրտացավորեն կվերաբերվենք մեր երկրին։ Երբ գիտակցենք, որ մեզնից գողանալը նույնն է, ինչ մեր տնից մի բան թռցնելը, ապա կկարողանանք կառուցել մեր երազած երկիրը։ Իսկ այդ արժեքները հնարավոր է ներարկել միայն կիրթ մարդու միջոցով։ Դրա համար թերեւս այսօվա մեր առաջին խնդիրը կրթության առաջնայնությունն է, կրթված հասարակությունը, լուսավորող մարդը։ Այդ իմաստով 4֊րդ հանրապետությունը իր արժեհամակարգով բացառապես պետք է տարբերվի նախորդից։

Իսկ արվեստում ստեղծագործողը, եթե նա պատվեր կատարող չէ, չի սպասում որեւէ հեղափոխության եւ պարզապես անում է իր գործը։ Կոմիտասը չսպասեց, որ իրեն ասեն, թե հիմա հեղափոխություն է, սկսիր աշխատել։ Մեզանում որքան ազատ ու անկախ արվեստագետներ լինեն՝ այնքան կշահի Արվեստը, մենք։ Իսկ պետությունը կարող է միայն աջակցել արվեստագետի ստեղծածին, բայց երբեք՝ պարտադրել կամ ձեւերի մեջ դնել։ Կարծում եմ՝ միայն այս դեպքում կարող ենք ասել, որ այո, մթնոլորտում մշակութային հեղափոխություն է տեղի ունեցել։

Զրույցը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

29.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031