ՀՀ ԿԳՆ Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» տեսողության խանգարում ունեցող երեխաների 14 հատուկ դպրոցի «Դեպի լույս» միացյալ երգչախումբը գարնանը «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես է եկել Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում, ենթասպաների զորամասում, թիվ 1տուն- ինտերնատում:
Սեպտեմբերի 10-14-ը խմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի նախաձեռնությամբ եւ պաշտպանության նախարարության աջակցությամբ «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» խորագիրը կրող համերգային ծրագրով նրանք հանդես եկան Արցախի մի շարք զորամասերում: Նրանք բոլոր զորամասերի կողմից ստացան պատվոգրեր: Հաշմանդամություն ունեցող երեխաները եւ մանկատան սաները կարողացան լիարժեք ուրախանալ զինվորների հետ: Նրանց ձայնակցում էին զինվորները, պարում՝ երեխաներին գրկած: Վերջում էլ փոքրիկներին նվերներ բաժանեցին: Երեխաները իրենց երգերով հանդես եկան նաեւ Ստեփանակերտի զոված ազատամարտիկների եւ անհայտ կորածների հուշ-թանգարաններում:
Հուզմունքն ու ուրախությունը անբացատրելի էր, քանի որ նրանց երազանքն էր լինել Արցախի զորամասերում եւ երգել կռվող ու հայրենիքը պաշտպանող քաջերի համար:
Երեխաները մոտիկից ճանաչեցին եւ ապրեցին հայ զինվորի կյանքով, քանի որ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանում անցավ նրանց առօրյան: Նրանք համերգային ծրագրով հանդես եկան վարժարանում եւ այստեղից էլ ստացան պատվոգիր: Գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը խոստացել է փոքրիկներին, որ միշտ կլինեն Արցախի զորամասերում: Շատերը, ունենալով հաշմանդամություն, գուցե եւ չծառայեն Հայոց բանակում, բայց իրենց երգերով միշտ կլինեն հայ զինվորի կողքին:
Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Առավոտ»
29.09.2018