Լրահոս
Օրվա լրահոսը

Պարադոքս. հեղափոխության խոչընդո՞տ, թե՞ դրական նախադեպի հնարավորություն

Հոկտեմբեր 01,2018 12:30

Հայաստանն այսօր կանգնած է կարեւոր հանգրվանի առաջ։ Թավշյա հեղափոխությունից անցել է հինգ ամիս ու իշխանության ճյուղերի միջեւ հարաբերությունները դեռ չեն հանգուցալուծվել։ Մի կողմից կա մարդկանց լայն զանգվածների ժողովրդականություն վայելող գործիչ, որն ունի բավարար հավատ իր ուժերին եւ ցանկանում է իշխանությունն ամբողջովին իր ձեռքը կենտրոնացնելով՝ հեղափոխությունը իր պատկերացրած հանգրվանին հասցնել։ Մյուս կողմից՝ ունենք ժողովրդական զանգվածների աջակցություն չվայելող պառլամենտ, որն ընկալվում է հեղափոխության լիարժեք կայացման ճանապարհին արգելք։ Պառլամենտի հիմնական լեգիտիմությունը իր «օրինականությունն» է, իսկ իրական ուժը «գույքային» դասակարգի ներկայացուցիչ լինելն է, քանի որ անմիջական կամ միջնորդավորված ձեւով պառլամենտում արտահայտված են հիմնականում գերհարուստների շահերը։ Կա նաեւ ենթադրվող փաստացի ուժ՝ կապված ՌԴ-ի հնարավոր հովանավորության հետ։ Նույնն է վիճակը նաեւ դատական համակարգում, որն այս պահին եւս հայտնվել է գործադիրի հակառակ կողմում։
Այս իրավիճակում կա երեք լուծում։

Առաջին տարբերակի՝ շուտափույթ արտահերթ ընտրությունների դեպքում իրավիճակը կարող է արագ հանգուցալուծվել։ Այս դեպքում տվյալ պահին ժողովրդի ունեցած քաղաքական նախապատվությունները լիարժեք կարտահայտվեն օրենսդիր մարմնում։ Հաշվի առնելով Երեւանի ավագանու ընտրությունները՝ ամենեւին չի կարելի բացառել ըստ էության միակուսակցական պառլամենտի գոյությունը։ Դա գործողությունների շատ մեծ դաշտ կապահովի վարչապետի համար։ Հավանաբար դրան կհաջորդեն դատական համակարգում արմատական փոփոխություններ։ Բայց այս սցենարը առանց ռիսկերի չէ, քանի որ տնտեսապես զարգացող ժողովրդավար երկիր դառնալու հարցում Հայաստանի հաջողությունը կախված կլինի մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի բարի կամքից ու ունակություններից։ Ինչքան էլ անսահման լինի տվյալ անձի նկատմամբ հասարակության վստահությունը, անհնար է ամբողջովին բացառել, որ իշխանությունը կարող է տրվել գայթակղության ու անցնել օրենքի սահմանները՝ եւս մեկ անգամ երկրի համար ստեղծելով վատ նախադեպ։ Առանց հակակշիռների իշխանություն ունենալու դեպքում կապիտալի վերաբաշխումը կդառնա հավանական, հատկապես հաշվի առնելով, որ «գույքային» կուսակցությունները կզրկվեն որեւէ քաղաքական իշխանությունից, թեեւ ավելի հավանական է կապիտալի կորուստը, քանի որ պատճառ չկա կասկածելու նոր կառավարության անկաշառության վրա։ Արտաքին լծակներն այս դեպքում կարող են դառնալ միակ իրական «հակակշիռ», որը ցավոք, հղի է միայն վատ հետեւանքներով։

Երկրորդ տարբերակի դեպքում իրավիճակը կարող է հանգուցալուծվել պառլամենտի կողմից հեղաշրջում իրականացնելու ու ժողովրդի կամքին հակառակ այլ կառավարություն նշանակելու միջոցով։ Դա հնարավոր կլինի միայն արտաքին ուժերի աջակցության դեպքում։ Դժվար է նաեւ պատկերացնել այս սցենարը առանց ժողովրդի նկատմամբ մեծ բռնություններ իրականացնելու։ Անկախ հանգամանքներից, այս սցենարը կործանարար կլինի երկրի համար, որից հետո երկիրը գուցե երբեւէ չկարողանա ոտքի կանգնել։

Երրորդը այս անորոշության եւս մի քանի տարի շարունակվելու տարբերակն է, եթե նույնիսկ ոչ ընդհուպ 2022-ի հերթական ընտրությունները։ Սա ունի վտանգներ, քանի որ կառավարությունը սահմանափակված կլինի իր ծրագրի իրականացման գործում։ Վարչապետը վերջերս նշեց, որ տնտեսական աճի չի լինի այս սպասողական վիճակում։ Բայց ինչքան էլ զարմանալի թվա, այս տարբերակը կարող է ունենալ նաեւ հնարավոր դրական անակնկալներ՝ Հայաստանի երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացման համար։ Դեպքերի դասավորությամբ այսօր ունենք մի իրավիճակ, որ պառլամենտը եւ կառավարությունը գտնվում են հակադիր բեւեռներում, ու միեւնույն ժամանակ ձեւավորվել են խաղի որոշակի կանոններ, ըստ որոնց՝ պառլամենտը պարտավորվել է պաշտպանել բոլոր այն բարեփոխումները, որ կառավարությունը կներկայացնի ԱԺ։ Իհարկե, այս պարտավորությունը իրական փորձության դեռ չի ենթարկվել, բայց նաեւ չկա որեւէ ազդակ, որ ԱԺ-ն կարող է արհեստական խոչընդոտներ առաջացնել կառավարության ամենօրյա գործունեությունում։ ԱԺ-ն կարող է կարմիր գիծ քաշել իր ինքնալուծարման հարցում, բայց լինել համագործակցային այլ հարցերում։ Մյուս կողմից՝ ԱԺ-ն կարող է ստեղծել հանձնաժողովներ եւ հակակշռել կառավարության գործունեությանը՝ ստիպելով գործադիրին լինել ավելի զգույշ ու անխոցելի իր քայլերում, ինչպես հայտնի գաղտնալսման դեպքը ցուցադրեց։ Ընդհուպ, այս տարբերակը միակն է, որը կարող է հակակշիռների համակարգի նախադեպ ստեղծել։ Իսկ նման բեկումնային ժամանակահատվածներում նախադեպերը կարող են որոշիչ դեր խաղալ երկարաժամկետ զարգացումների համար։

Այս տարբերակից բխող հնարավոր զարգացումները հասկանալու համար կարելի է նայել ներկայումս զարգացած երկրների փորձին։ Շատ դեպքերում ներառական տնտեսական ու քաղաքական համակարգերը ձեւավորվել են ոչ թե ինչ-որ մեկի գեղեցիկ տեսլականի կամ ազնիվ մղումների շնորհիվ, այլ հասարակության տարբեր խմբերի շահերի հակակշիռների ու պայքարի արդյունքում։ Դրա արդյունքում է առաջացել գործադիր, օրենսդիր եւ դատական համակարգերի տարանջատումը ու դրանց փոխադարձ զսպման համար հարաբերությունների համակարգը։ Շատ հաճախ այդ հակակշռի առաջացումը եղել է պատմական պատահականություն, երբ տարբեր շահեր հետապնդողները կարողացել են հասնել ոչ բռնի հանգուցալուծման եւ հակակշիռների համակարգի ձեւավորման, դրանով ստեղծելով նախադեպ ապագայի համար եւ դարձնելով այն ժողովրդավարության եւ տնտեսական առաջընթացի հիմք։ Հայտնի տնտեսագետները, ներառյալ վարչապետի հետ պարբերաբար շփվող Տարոն Աճեմօղլին, պնդում են, որ տնտեսական զարգացման գրավականը իշխանության կենտրոնացումը ուժեղ հակակշիռների համակարգով զուգորդելն է, որի պայմաններում է, որ մեծանում է գործարար շրջանակների վստահությունը երկրի նկատմամբ։

Հայաստանի դեպքում ժողովրդականություն չվայելող պառլամենտի կյանքի երկարացումը վիճելի կարող է թվալ։ Բայց ակնհայտ է, որ դրա լուծարումը եւս ռիսկային է։ Կա քաղաքական մեծ առճակատման ռիսկ՝ այդ գործընթացը սահուն չիրականանալու դեպքում։ Կա նաեւ միակուսակցական պառլամենտի ռիսկ, որ կարող է բերել իշխանություններին որեւէ իրական հակակշռի բացակայության։ Պառլամենտի լուծարումն այս պահին կարող է բերել նաեւ մի իրավիճակի, որ տնտեսական կապիտալը չի ունենա որեւէ ներկայություն քաղաքական կյանքում, որը վտանգավոր է, քանի որ կարող է բերել կապիտալի փախուստի, վերաբաշխման, իսկ վատագույն դեպքում, նաեւ օտար ուժերի հետ ընդդեմ բարեփոխումների համագործակցության։ Նկատենք, որ մինչեւ թավշյա հեղափոխությունը Հայաստանում իշխում էր «փողի ու հողի» իշխանությունը, ինչպես երեք դար առաջ Անգլիայում։ Անգլիային պահանջվեց երկու հարյուր տարի, որպեսզի իրականացնի լիարժեք անցում ժողովրդավարության։ Այդ երկու դարերի ընթացքում աստիճանաբար ձեւավորվեց հակակշիռների համակարգ, որը Անգլիայի հաջողությունը դարձրեց անշրջելի, նույնիսկ պատմական ամենամեծ փորձությունների ժամանակ։ Հայաստանը կարող է սահմանել շատ ավելի կարճ, երկու կամ երեք տարանոց անցումային փուլ, որի ընթացքում կձեւավորի նոր քաղաքական համակարգ եւ կուսակցություններ, կկատարվի անցնցում ու լիարժեք անցում մեկ մարդ-մեկ ձայն համակարգին, ու, ամենակարեւորը, կապահովի ժողովրդավարացման այս գործընթացի անշրջելիությունը։

ԱՐՏԱՇԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ»

29.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031