Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ամենագեղեցիկ փողոցի պատմությունից․ ճիշտն ու սխալը որոշվել է ղայֆախանում

Սեպտեմբեր 30,2018 23:17

Գյումրու պատմական կենտրոնում գտնվող Ռուսթավելու անվան փողոցը, որը նախկինում անվանել են «Այհայի դար», ալեքպոլյան ժամանակաշրջանից հայտնի էր նաև Տիրատուրենց Մարգարի Ղայֆախանով։ Ղայֆախանա էին անվանում ալեքսանդրապոլյան սրճարանները, որտեղ միայն սև աղացած գարուց սուրճ են խմել, տղամարդկանց  լուրջ խոսակցությունները ընթացել են այստեղ, զրուցել են քաղաքի անցուդարձից, գործարքներ են կնքել, անգամ խնամախոսությունները կատարվել  են այս սրճարաններում։

Այսօր Գյումրու տոնակատարության շրջանակում վերհիշել էին թե՛ այս փողոցում բնակվող աղաներին, և թե՛ նրանց պատկանող կառույցները, ինչպես նաև սիրուն Սոֆիկի սիրավեպը։

Էթնոհոգեբան Կարինե Սահակյանը մեզ հետ զրույցում պատմեց այս փողոցի ավանդազրույցներից։ «Տիրատուրենց Մարգարի ղայֆախանում հանդիպում էին քաղաքի երևելիները՝ ղարաչուխալի տղեքը և բոլոր այն մարդիկ, որոնց խոսքը քաղաքում արժեք ուներ, օրենսդիր էին։ Օրինակ՝ օրենսդիր էր Իզբիտով Արշալույսը, Փլավենց Օնիկը, Սանոյանները, Կարանյանները, Ծաղիկովները, էլի ու էլի շատ պատվանուններ, որոնք քաղաքի զարդն էին։ Պատմում են, որ Փլավենց Օնիկի աղջիկը՝ Մարիամը, երբ մի անգամ իր տատի հետ գնում է բաղնիք, տատին գցում են ձյուների մեջ և աղջկան փախցնում են։ Քաղաքը շատ զգայուն էր յուրաքանչյուր տեղի ունեցող իրադարձության հանդեպ ու հաջորդ օրը  երգ կապեց․

Ես Թադոսն եմ Մուրադենցեն,

Աղջիկ  ուզի Փլավենցեն,

Ղաբար ղրկի Ջամուշենցեն

Տարան, Մայայիս տարան։

Ամբողջ քաղաքի ցերեկվա խոսակցությունները երեկոյան այլ աստառ ու երանգ ստացած արդեն այս ղայֆախանում քննարկվում էր՝ ով էր ճիշտ, ով էր սխալ, ով թասիբին գերի դարձավ, ով ընդհակառակը՝ ոտնահարեց թասիբը։

Քաղաքում շատ կային ղայֆախանեք, բայց ամենահեղինակավորը Տիրատուրենց Մարգարինն էր, որտեղ անբեկանելի որոշումներ են ընդունվել ղարաչուխալի տղամարդկանց կողմից, Գյումրին պարադոքսների քաղաք է, ամեն օր քաղաքն արթնանում էր մի օր նոր սյուժեով։

Իրենք համոզված էին, որ գյումրեցու խմած ջուրը որձ է, նրա որդիների թևին բիլազուկ կա, որը խորհրդանշում է արհեստավոր լինելը, համոզված էին, որ իրենց ձայնը շուտ է հասնում Աստծուն, որ իրենց օջախը պուճախ չէ (պուճուր տեղ չէ), հատուկ հյուրի համար ամեն ինչ պահված կար»։

Սիրուն Սոֆիկի հետ կապված էլ Կարինե Սահակյանը պատմեց, որ նա Պետրոս Ձիթողցյանի դուստրն էր, այնքան գեղեցիկ է եղել, որ Ալեքսանդրապոլի բոլոր երիտասարդները հմայված են եղել նրանով։ Նա մշտապես ճակատին կրել է ադամանդե ճակտնոց՝ երկշերտյա ոսկիներով և մարգարտյա փերուշաններով։  Սակայն Սոֆիկը սիրել է իրենց տան նոքյարին՝ ծառային։ Քաղաքը դարձյալ մի երգ է հորինել Սոֆիկին վերաբերող․

Լայ-լայ Սոֆիկ, լայ-լայ, լայ-լայ, սիրուն, լայ-լայ,

Աչքով էրի, դուրս կանչեցի Սոֆիկիս,

Թուշը պաչի, տուն ճամփեցի Սոֆիկիս։

«Պետրոս Ձիթողցյանը քաղաքի տրամադրությունը որոշում էր շուկայից, ամեն առավոտ գնում էր շուկա, անբարենպաստ վիճակում գտնվող ընտանիքներին սնունդ ուղարկում՝ իբրև անհասցե բարերար», -պատմում է Կարինե Սահակյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարինե Սահակյանի լուսանկարը իր ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ղարաչուխալին ձեր բարբառում «երեւելի» է նշանակո՞ւմ։ Մեր բարբառում (Տաւուշ, Արցախ) պարզամիտ, միամիտ մարդուն են ասում։

    Ովքեր չգիտեն, ասեմ. ղայֆախանան սրճարանն է (ղայֆա-կոֆէ-սուրճ բառից)։ Նոյն կերպ թեյարանին ասում են չայխանա։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930