Հայտնել ենք, որ սեպտեմբերի 28-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով գյուղում հանրահավաք է կայացել, Ազատամուտի դպրոցում դասեր չեն կայացել: Ժորա Մարտիրոսյանը մեզ հայտնել է, որ հանրահավաքին մասնակցել են նաեւ Այգեհովիտ համայնքի մաս կազմող Կայանի դպրոցում սովորող ազատամուտցի երեխաներ, այդ դպրոցի տնօրեն Լենա Վարդանյանը հավաքին ներկա է եղել:
Այսօր մեզ զանգեց Լենա Վարդանյանը, ով հայտնեց, որ ինքը հանրահավաքին ներկա չի եղել, իր ղեկավարած դպրոցում այդ օրը դասերը կայացել են, Կայանի դպրոցում սովորող ազատամուտցի երեխաները հանրահավաքին չեն մասնակցել:
Կայանի դպրոցում սովորում են Այգեհովտից եւ Ազատամուտից դպրոցականներ: Լ. Վարդանյանն ասաց, որ ազատամուտցի ծնողները փակել են Ազատամուտից դեպի Կայան տանող ավտոճանապարհը, դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի երթը, որպեսզի այդ աշակերտները դասերին չմասնակցեն:
Դպրոցի տնօրենի խոսքերով` ազատամուտցի՝ Կայանի դպրոցում սովորող աշակերտների մեծ մասը այդ պատճառով չի կարողացել դպրոց մեկնել, սակայն նրանք Ազատամուտում կայացած հանրահավաքին չեն մասնակցել: Նրա վկայությամբ` աշակերտների մի փոքր խումբ կարողացել է հաղթահարել այդ արգելքը եւ այդ օրը մասնակցել Կայանի դպրոցում կայացած դասերին:
Լուսանկարը՝ azparez.am-ի
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ