Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի «Ամադեուս» երգչախմբի սաները բեմադրել են «Դավիթ Բեկ» պատմահայրենասիրական օպերայից հատվածներ:
9-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մկրտչյանը, որը մարմնավորում էր Դավիթ Բեկի կերպարը, իր ձայնով պարզապես հիացրեց ներկաներին:
Տեսարաններում ներկայացվեց, թե ինչպես է Սյունիքում ու Թիֆլիսում ժողովուրդը 18-րդ դարի 20-ական թվականներին պայքարում պարսից զավթիչների դեմ, ինչպես է Խանի հրապարակում գերեվարվում Ստեփանոս Շահումյանի սիրած աղջիկը՝ Շուշանը, այնուհետեւ Շահումյանը նրան ազատում է՝ ծպտված հայ Ահմեդի օգնությամբ:
Դպրոցականները կարողացան շատ տպավորիչ ներկայացնել հայ մարտիկների գրոհից ու Զեյվա բերդը գրավելուց առաջ վիրավոր Սանթուրի մահը, որը Դավիթ Բեկի ձեռքերի մեջ արնաքամ լինելով՝ հասցրեց նրան ասել, որ հանձնարարությունը կատարված է:
Դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով սաներին՝ ասաց. «Ինչպես Սանթուրն է ասում, մենք պետք է միշտ ազատության ու անկախության երգեր երգենք: Ապրեք, սիրելիներս, հրաշք եք դուք, պարզապես խոնարհվում ենք ձեր առաջ»: Տնօրենը, շնորհակալություն հայտնելով Սիրանուշ Ասլանյանին, որն աշխատել էր սաների հետ, ասաց՝ «ավելի լավ հայրենասիրություն, քան այս պատկերն է, չի կարող լինել, շնորհակալ ենք, որ դուք այսպիսի սերունդ եք դաստիարակում, նրանք մեր վաղվա օրն են եւ իմաստուն քաղաքացիներ»:
Ասլանյանն ասաց. «Երբ «Դավիթ Բեկ» թեման սկսում էի, շատ վախենում էի, մտածում էի՝ այս փոքր երեխաները ինչպե՞ս են ներկայացնելու այս հսկայածավալ թեման: Բայց երեխաներն ամբողջն ընկալեցին»:
Ի դեպ, Մոնթե Մելքոնյանի դպրոցը անցյալ տարի ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ պարգեւատրվել է՝ ՀՀ պաշտպանունակության ամրապնդման, երիտասարդության մարզական եւ ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար: Պատվոգիրը ստորագրել է անձամբ Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը: Ու դպրոցը շարունակում է բարի ավանդույթները՝ նաեւ օպերաներից հատվածներ բեմադրելով՝ հայրենասիրություն սերմանել սաների մեջ:
Գայանե Միրզոյանը պատվոգրեր հանձնեց «Դավիթ Բեկ» օպերայի մասնակիցներին:
https://youtu.be/EY4ugUxs7c8
https://youtu.be/T5vFKFZXdqY
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ