Այսօր մշակութային տարբեր միջոցառումներով՝ համերգներով, ցուցահանդեսներով, թատերականացված բեմադրություններով նշվեց Գյումրու տոնը։ Տոնակատարությունները հիմնականում քաղաքի պատմական հատվածում էին՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ վերանորոգված Ռուսթավելու անվան փողոցում, որը երբեմն նաև անվանում են վարչապետի փողոց։
Ոստիկանները փակել էին փողոցը՝ արգելելով մեքենաների ելումուտը։ Հայրաքաղաքի տոնին մասնակցում էին մեծ թվով արտերկրյա հյուրեր, Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, որը Գյումրին համարում է Հայաստանի ամենաեվրոպական քաղաքը, Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը և այլք։
ՀՀ կառավարության անդամներից Գյումրի էր եկել միայն փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Նշենք, սակայն, որ այսօր տոնական տրամադրությամբ փողոց դուրս եկած գյումրեցիները սրտատրոփ սպասում էին Նիկոլ Փաշինյանին, գալիս ու հետաքրքրվում էին․ «Բա Նիկոլը ո՞ր ժամին է գալու»։
Թե ինչո՞ւ պարոն Փաշինյանը չէր եկել, Արարատ Միրզոյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում Գյումրին, խնդրել է փոխանցել իր սերը Գյումրիին և շնորհավորանքը։ Գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը մեկ օր առաջ է վերադարձել մի քանի օր տևած ուղևորությունից, շատ կուտակված գործեր կային, և վարչապետը շտապել է իր աշխատասենյակ։ Ֆիզիկապես ներկա չլինելը ոչ մի բան չի նշանակում»։
Փոխվարչապետը, շնորհավորելով Գյումրիի տոնն, ասաց․ «Մի ցանկություն ունեմ Գյումրիին, որ Գյումրին այլևս երբեք խեղճ չլինի, և վերադառնա այս քաղաքի կենսուրախությունը, աշխուժությունը, հումորը, սրամտությունը, չնայած սրամտությունն ու հումորը երբեք չեն պակասել, հատուկ է եղել Գյումրիին; Կուզենայի, որ Գյումրին ամբողջապես շտկեր իր մեջքը։ Ցավոք սրտի, բնական աղետների, սուբյեկտիվ, օբյեկտիվ և այլ հանգամանքների բերումով կարծես թե ճկված էր»։
Իսկ թե նոր իշխանությունը ե՞րբ կվերադարձնի Գյումրու կենսուրախությունը, փոխվարչապետն ասաց, որ ներդրումային ծրագրերի ժամանակ առաջնային ուշադրություն են դարձնում Շիրակի մարզին ու Գյումրիին;
Մեր հարցին ՝շատ երկա՞ր են սպասելու գյումրեցիները, փոխվարչապետը ժպտալով ասաց․ «Չեմ կարող ասել»։
Փոխվարչապետին սկզբում հյուրընկալեցին քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող հյուրատանը, որտեղ բեմադրության միջոցով փորձեցին ներկայացնել աղա Պետրոս Ձիթողցյանի կենցաղը, հյուրընկալությունը։ «Սա աղեքի մայլեն է՝ Սանոյաններ, Ծաղիկյաններ, ինձի համար մեծ պատիվ է, որ ձեր պես պատվավոր մարդիկ իմ օջախը մտնին»,- փողոցի պատմությունն այսպես ներկայացվեց աղա Ձիթողցյանի շուրթերով։
Ռուսթավելի փողոցում ամեն քայլափոխի ցուցադրում էին Գյումրվա ավանդույթները, աղաների՝ այս փողոցի կարևոր դեմքերի կենցաղը, ներկայացվեց նաև Ձիթողցյանների դստեր՝ սիրուն Սոֆիկի սիրավեպը տան ծառայի հետ։ Պատմական փողոցի ողջ պատմությունը մատուցվեց․ Արարատ Միրզոյանին ուղեկցեցին Տիրատուրենց Մարգարի ղայֆախանեն, որը գործել է հենց այս փողոցում, որը հայտնի է «Այհայի դար» անվամբ։ Փողոցով ամբողջ ընթացքում շրջագայում էին հարսներն ու շապխեները (գյումրեցի տղամարդուն հատուկ գլխարկ գլխներին Ա․Ն․) գլխներին դրած տղամարդիկ։
Մի խոսքով, « Ճամփորդություն ժամանակի միջով» անվանումը կրող թատերականացված տոնահանդեսում ամեն քայլափոխի հանդիպում էին գյումրեցի աղաներին, ղարաչուխալի տղեքին, ղայֆախանի երգիչներին, Ալեքպոլի արհեստավորներին։
«Մեր մեր կյանքից բան չհասկցանք, գոնե էս սերունդը բան տեսնի՝ առատ, ազատ երկրի մեջ ապրի, ապահով ապրի, թող լավ էղնի, որ գյումրեցին ու գյումրեցիներն արժանապատիվ ապրեն»,- հնչեց բեմադրության մեջ։
https://www.youtube.com/watch?v=Gl7xiwbL1OU&feature=youtu.be
Սամվել Բալասանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց․ «Համբերություն, ու Գյումրին լինելու է տուրիստական, իդեալական քաղաք, հիշեք խոսքս էսօրվա»։
https://www.youtube.com/watch?v=VAmC6Pzm50M&feature=youtu.be
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Պարզ հարցում՝ Կարեն Կարապետյանին հրաւիրա՞ծ էին, արդեօք:
Քող թրաշամանուկ փոխվարչատետը վայելի։
Մեր կայֆարիկ մարզպետը:Ախպերսսսսս,քեռուդ բարևներ:Տեսնիս լավ ապրանք մոտը կողնի?