Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Կամար» բիզնեսի կենտրոնի հանդիսավոր ներկայացմանը: Միջոցառմանը մասնակցում են նաև ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «Ամերիա» խմբի խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, «Ամերիաբանկ» ՓԲԸ ղեկավար անձնակազմը և այլք:
Նախ վարչապետը «Կամար» բիզնես կենտրոնի կառուցման ծրագրի ղեկավար Արտաշես Կազախեցյանի ուղեկցությամբ շրջեց կենտրոնում, այնուհետև մասնակցեց շենքի կառուցման ֆիլմի դիտման արարողությանը:
Արտաշես Կազախեցյանը, Նիկոլ Փաշինյանին ուղեկցելով Ամերիաբանկի մասնաճյուղի հատված, մոտենալով աշխատակիցներին, նրանց ցույց տալով՝ ասաց՝ աղջիկներն անհամբեր սպասում են, որ Ձեզ հետ սելֆի անեն:
Բիզնես կենտրոնի վեցերորդ հարկի դիզայնն այնպիսին էր, որ այցելուն իրեն զգում է օդանավի մեջ: Նիկոլ Փաշինյանը, սելֆի անելով, կատակեց՝ տեսնենք տալի՞ս է օդանավի մեջ գտնվելու էֆեկտը: Այնուհետև, երբ վարչապետին ներկայացրին առանձին լռության խցիկը, որը նախատեսված է աշխատակիցների առանձնանալու համար, վարչապետն ասաց. «Բայց մենակ ո՞ւմ հետ խոսենք»: Այնուհետև կատակեց՝ չնայած մարդ կա՝ ինքն իր հետ խոսելու բան ունի»:
Արտաշես Կազախեցյանը տեղեկացրեց՝ կենտրոնն արդեն աշխատում է ապրիլից. «Ներդրումները հասնում են քառասուն միլիոն դոլարի: Կենտրոնը հյուրընկալել է բավականին հայտնի ընկերությունների, դիվանագիտական ներկայացուցչություններ, ինչպես նաև մեծ մասը գրավում է Ամերիաբանկի գլխամասն ու մասնաճյուղը: Այստեղ է Ասիական զարգացման բանկի գրասենյակը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխամասը, Մեծ Բրիտանիայի Թագավորության դեսպանատունն է լինելու, Ֆիլիպ Մորիսի գլխամասը»:
Արտաշես Կազախեցյանը տեղեկացրեց՝ բիզնես կենտրոնը սպասարկող 40 աշխատակից կա, ընդհանուր վարձակալների թիվը գրեթե 800 հոգի է: Գրեթե ՝ 85-90 տոկոսով կենտրոնը վարձակալված է: «Կամար» բիզնես կենտրոնի ճարտարապետներն են Ռուբեն և Միքայել Հասրաթյանները: Շենքը նախագծվել է 2014 թվականին: Ծառի մետաղյա քանդակի հեղինակներն են ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը և քանդակագործ Դավիթ Երևանցին: Բիզնես կենտրոնը միավորում է 3 տարբեր ժամանակաշրջանի շենքերը` ցարական, խորհրդային, ժամանակակից:
«Սև» շենքը, որը կառուցվել է Ամասիայի սև տուֆից, ինչով և պայմանավորված է շենքի անունը, կառուցվել է թիֆլիսահայ ճարտարապետ Միքայել Օհանջանյանի նախագծով` 1910 թ.-ին: Այն եղել է ժամանակին տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի շենքը, ուր մինչ այսօր էլ իրականացվում է բանկային գործունեություն: Գյուղատնտեսական բանկի շենքը կառուցվել է 1926 թ.-ին` ճարտարապետ Նիկոլայ Բունիաթյանի նախագծով, որի կառուցման գաղափարը պատկանում է Ալեքսանդր Թամանյանին:
Արտաշես Կազախեցյանն ասաց, որ այն իր դասով կանաչ, հավաստագրված կառույց է, որի հավաստագրումը տվել է բրիտանական ընկերություն և բավականին խիստ չափանիշներով. «Բիզնես կենտրոնի ճարտարապետների համար բարդությունն այն էր, որ կարողանային բավականին իրարից տարբեր երկու շենքերը միավորել մեկ համալիրի մեջ, ինչը ստացվել է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ