«ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն դժգոհ լինել ցանկացած պաշտոնյայի աշխատանքից, և պաշտոնյաները պիտի աշխատեն իրենց վրա, որ համապատասխանեն այն սպասումներին, որ ունեն ՀՀ քաղաքացիները»,- լրագրողների հարցին՝ ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, քանի որ լուրջ դժգոհություններ կան ՀՀ Արարատի մարզպետից, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադարձ կատարվեց նաև Ուրցաձոր համայնքում տիրող իրավիճակին: Այս առիթով Aravot.am-ը ՀՀ վարչապետից հետաքրքրվեց՝ չի՞ պատրաստվում քրեական գործ հարուցել Արարատի մարզպետի դեմ, քանի որ Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հրապարակային հայտարարեց, թե մարզպետն իրեն կանչել ու ասել է, որ հրաժարականի դիմում գրի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե այդպիսի հայտարարություն է եղել հրապարակային, մեր իրավապահ մարմինները լսել են և եթե այդտեղ կա որևէ բան հետաքննելու, մեր իրավապահ մարմինները կարող են հետաքննել: Մենք նման դեպքեր ունեցել ենք. համայնքներում եղել է նման պրոցես, երբ հրաժարական են պահանջել, եղել է փակուղային իրավիճակ: Այն համայնքի ղեկավարները, որոնց դեմ բողոքի գործողություններ են կատարվում, և նրանք կարծում են, որ իրենք համայնքի ղեկավար լինելու լեգիտիմ իրավունք ունեն, հենց իրենք կարող են հրաժարական տալ արտահերթ ընտրություններին մասնակցել և հաղթել: Մանավանդ գիտեք՝ բոլորը համոզվել են, որ կառավարությունը երաշխավորում է, որ ընտրությունները հարյուր տոկոսով արտահայտելու են ժողովրդի կամարտահայտությունը: Եթե որևէ գյուղապետ կարծում է, որ ինքը ներկայացնում է ժողովրդին, նույնիսկ բողոքի գործողությունների ժամանակ ոչ մի բան իրեն չի խանգարում հրաժարական տալ, արտահերթ ընտրություններ նշանակել, նորից առաջադրվել և գնալ ստանալ ժողովրդի վստահության քվեն, և այդ թեման փակվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ