Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը որպես կատալիզատոր՝ ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում

Սեպտեմբեր 30,2018 13:28

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ՄԱԿ-ի 73-րդ նստաշրջանի ընթացքում գտնվելով Նյու Յորքում, հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձ է կատարել համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի՝ 4+1 ձևաչափով շարունակվելուն և այդ գործընթացում Եվրոպայի դերակատարությանը։

Ըստ Մ․Ջ․ Զարիֆի՝ ներկայում Եվրոպայի յոթ հեղինակավոր և առաջնային բանկերը բանակցություններ են վարում և փորձում են ստեղծել այնպիսի համակարգ, որն անկախ կլինի ԱՄՆ-ի ստեղծած ֆինանսական համակարգից, որպեսզի կկարողանան կատարյալ ֆինանսական անկախություն ստանալ ու ծավալել իրենց հետագա գործունեությունն Իրանի հետ։

Այս կապակցությամբ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ շատ մոտ ապագայում ստեղծվելիք այս համակարգը նախատեսված կլինի ոչ միայն Իրանի համար։ Այս համակարգից կկարողանան օգտվել բոլոր ցանկացողները, պարզապես մի նրբություն կա․ բոլոր գործարքները պետք է կատարվեն բացառապես եվրոյով։

Այս համատեքստում կարևոր է վերհիշել Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերի այն հայտարարությունը, որ Եվրոպան պետք ստեղծի այնպիսի ֆինանսական համակարգ, որը կկարողանա գործել անկախ և հաշվետու չի լինի Միացյալ Նահանգներին և դուրս կգա վերջինիս, այսպես ասած, սահմանած ֆինանսական-ոստիկանական ռեժիմի տակից։

Եթե եվրոպացիները կարողանան ստեղծել այս համակարգը և գործել ԱՄՆ-ից անկախ, ապա կարելի է ասել, որ աշխարհում աստիճանաբար սկսվում է, այսպես ասած, ոչ միայն իրավիճակ, այլև իրողություն փոխվել, իսկ այդ փոփոխության կիզակետում տնվող Իրանը ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում պարզապես լակմուսի թղթի դեր է կատարում կամ արդեն կատարել է, որովհետև, որքան հասկանում եմ, Միացյալ Նահանգներ-Հին Աշխարհամաս հարաբերություններում առկա խնդիրները և տեղի ունեցող գործընթացները չեն տեղավորվում «միայն Իրանի համար կամ Իրանի միջուկային գործարքը փրկելու» համատեքստում. դրանք ունեն ավելի գլոբալ նշանակություն։

Ինչևէ, կարող ենք փաստել, որ ներկայիս աշխարհը գտնվում է հետաքրքիր և ինչ-որ տեղ նաև անկանխատեսելի փոփոխությունների ժամանակաշրջանում։ Մեզանից ու բացառապես մեզանից է կախված այն հանգամանքը, թե տեղի ունեցող փոփոխություններից ինչպես կկարողանանք օգտվել մենք։ Կարծում եմ՝ պետք է պատրաստ լինել ամենաանցանկալին և անսպասելիին, իսկ լավագույն պատրաստությունն այս պարագայում հզոր տնտեսություն և հզոր բանակ ստեղծելն է։

 

Ահարոն ՎԱՐԴԱՆՅԱՆ

իրանագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930