Սեպտեմբերին մեզ մոտ կատարվեց այն, ինչը առօրյա է արևմուտքի որևէ երկրում՝ մարդիկ հանգիստ գալիս քվեարկում էին, ապա հանգիստ հեռանում: Հանկարծ պարզվեց, որ կարելի է քվեարկել առանց կեղծիքի, իսկ արևը կշարունակի շողալ սովորականի պես: Այդ աշնանային օրը մեր հասարակությունը փաստեց, որ հատել է մի նոր քաղաքակրթական սահմանագիծ՝ այսօրվա զարգացած աշխարհի:
Շուտով իրար հարց ենք տալու՝ իսկ առհասարակ ինչպե՞ս կարելի էր ապրել մինչև այդ՝ օրինակականացված կաշառքի և կեղծիքի պայմաններում:
Եթե դասագրքային իմաստով ապրիլ-մայիսին կատարվածը հեղաշրջում էր, ապա բովանդակային առումով այն քաղաքակրթական հեղափոխություն էր, երկիրը անցավ մի քաղաքակրթությունից մյուսը:
Մինչ սեպտեմբեր վարչապետը ամենաչնչին առիթ չտվեց կասկածելու, որ դառնալով իշխանություն խստագույնս մնացել է նոր քաղաքակրթական տարածքում: Սրանում է ավագանու ընտրություններում շատերի համար շոկային արդյունքի խորքային պատճառը: Հասարակությունը փաստորեն ստորադասեց առօրյա խնդիրները՝ փաստելով, որ նոր քաղաքակրթությանը այլընտրանք թույլ չի տա, երաշխավորը երիտասարդ սերունդն է՝ այստեղ և արտերկրում, հեռահաղորդակցական վիրտուալ աշխարհում լիարժեք գործող:
Նախորդ քաղաքակրթությունում ծվարած խորհրդարանը, հասկանալի է, անելիք չունի: Խորհրդարանից ոմանք (բացառությամբ պնակալեզների) կարող են իմաստալից կերպով վերակազմավորվել, իսկ կուսակցությունների պակաս՝ նոր քաղաքակրթական հարթակի վրա, դժվար թե լինի:
Վերջերս վարչապետը այցելեց Տիեզերքի թանգարան՝ Երևանում, ծանոթացավ հայ մասնագետների տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ գործերին, նաև այսօրվա մեր հետազոտություններին՝ եվրոպական ծրագրերում, ձեռքով դիպավ բաց տիեզերքում եղած սարքերին: Այցելուների մատյանում նրա գրառումը ավարտվում է այսպես «Ի գործ»:
Վահագն ԳՈՒՐԶԱԴՅԱՆ
պրոֆեսոր