ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
«ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-Ի ՏՆՕՐԵՆ ՀԱՅԿ ԱԼՈՅԱՆԻՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ
Հարգելի պարոնայք, այս պահին մեր երկրի միակ թեժ կետը, որտեղ դեռևս իր յուրահատուկ դրսևորումներով բողոք է շարունակվում, Ամուլսարն է:
Կարևորելով Ամուլսարի խնդիրը և ուշադիր հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության անդամների Ամուլսարի հանքի շահագործմանը վերաբերող Ջերմուկում կայացած քննարկմանը, որին մասնակցում էին և՛ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, և՛ հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներն ու բնապահպանները, հանգեցինք հետևյալ եզրակացության.
– Բողոքող քաղաքացիները և բնապահպանները միանշանակ դեմ են հանքի շահագործմանը:
-«Լիդիան Արմենիա» ընկերությունը հանքի շինարարական աշխատանքների դադարեցումը դեպի հանքի տարածք տանող ճանապարհների փակումով համարում է անօրինական:
-Կառավարությունը, ըստ իր հայտարարության, հարցի լուծման ընթացքում ղեկավարվում է ոչ թե անձնական համակրանքով, այլ՝ Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի գերակայությամբ:
Մի կողմից ունենք ցուցարար երիտասարդ ակտիվիստներ, որոնց, ըստ իրենց պնդման, Փաշինյանը ոչ միայն չաջակցեց, այլև Ամուլսարի ցույցերը անվանեց կառավարության նկատմամբ սաբոտաժ, մյուս կողմից՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը միլիոնավոր դոլարներ է ներդրել գործի մեջ, այժմ որևէ կերպ չի պատրաստվում հրաժարվել իր ներդրումներից և սպասվող շահույթից:
Նախկին իշխանությունները հաշվի չառնելով բնապահպանությամբ մտահոգ քաղաքացիների ու մասնագետների հիմնավորումները, մեր երկրի ընդերքը շահագործելու համար «Լիդիան Արմենիա» ընկերությանն այնպիսի պայմանագրային պարտավորություններով և իրավունքներով են հրավիրել, որ այժմ նրանց արգելելու դեպքում ՀՀ-ի վրա միլիոնների հասնող տույժ ու տուգանքներ են սպասվում:
Հետևաբար, ներկա կառավարությունն այս պահին հայտնվել է երկու քարի արանքում:
Իրոք, խնդիրն օրակարգային է և բարդ: Կարճ ժամանակամիջոցում ինչպե՞ս գտնել այնպիսի լուծում, որի շնորհիվ և՛ Ջերմուկի մաքուր օդը, բուժիչ ջուրն ու շրջակա միջավայրի անվտանգությունը պահպանվեն, և՛ «Լիդիանի» արդեն կատարած ու ապագայում կատարվող ներդրումները չփոշիանան և շահույթ բերեն:
Համառոտակի ներկայացնենք Ամուլսարի թնջուկի լուծման մեր առաջարկը.
Անժխտելի է, որ «Լիդիան-Արմենիա» ընկերությունն արդեն հսկայական ծախսեր է արել և իրականացրել է շինարարական մեծածավալ աշխատանքներ. գրեթե ավարտված կամ ավարտման փուլում են էներգետիկական, ջրամատակարարման, կապի, բանավանի և տեխնոլոգիական տարբեր ֆունկցիաների համար նախատեսված կառույցները: Սակայն եթե մոտ ապագայում ապացուցվի, որ հանքի շահագործումը բացասական հետևանքներ ունի տարածաշրջանի ջրային ռեսուրսների որակի ու հատկապես Ջերմուկի, որպես առողջարանային կենտրոնի վրա, ապա այդ կառույցների կամ կիսակառույցների ապատեղակայումը, տեղափոխումը նույնպես կլինի ծախսատար և ժամանակատար:
Նկատի ունենալով այս ակնհայտ և մի շարք այլ հանգամանքներ, «Լիդիան» ընկերությանն առաջարկում ենք, որ հանքարդյունաբերության իր ծրագիրը փոխարինի նույն տարածքում մարզական համալիրի կառուցման ծրագրով: Այդ դեպքում բոլոր կառույցներն էլ կարող են ծառայել նոր նպատակի համար: Օրինակ՝ ցիանիդի լուծման ավազանը կարող է դառնալ լողավազան, սառցարանային համակարգով կապահովվի սառցադաշտի աշխատանքը, շարժասանդուղքով դահուկորդները կբարձրանան լեռնագագաթ և այլն: Միաժամանակ կկառուցվեն ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, թենիսի բաց և փակ մարզադաշտեր, մարզասրահներ, հայկական սպորտի պատմության թանգարան, մի խոսքով՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժամանակակից մարզական համալիրի համար:
Ահռելի չափսերով և հնարավորություններով օժտված մարզական համալիրը աստիճանաբար կարող է վերածվել տարածաշրջանում իր նմանը չունեցող մարզական քաղաքի և կարճ ժամանակահատվածում մեծ համբավ ձեռք կբերի: Արփայից պոմպով ոռոգման ջուրը կմղվի նոր քաղաքի շրջակա լեռները, նոր ծառեր կտնկվեն և լեռները կանտառապատվեն: Ջերմուկից հանքային ջուրը հատուկ խողովակաշարով կտեղափոխվի նորակառույց քաղաքի առողջական նպատակներով կառուցվող լողավազաններ, վաննաներ: Քաղաքի հարակից բաց տարածքում կտեղադրվեն արևային մարտկոցներ, իսկ քամոտ վայրերում քամու կայաններ և արտադրվող էլէներգիան նորակառույց 110 կՎ ենթակայանով կմիանա Հայաստանի էլեկտրական ցանցերի համակարգին:
Քաղաքի անունը կարող է լինել, օրինակ՝ Նոր Ջերմուկ, Ոսկեբերդ, Ամուլսար Սիթի, Գոլդ Սիթի, Լիդիան Սիթի, Ոսկե քաղաք, Հաղթանակ և այլն, իհարկե, երբ հերթը հասնի դրան, կարելի է ընտրության դնել նաև Եվրոպոլիսը: Եթե հիշում եք, ոչ վաղ անցյալում Երասխավանում եղել է նման անունով քաղաքի կառուցման ծրագիր:
Տեղացի բնակչության համար «Լիդիանի» տված բոլոր խոստումները հնարավոր է իրականացնել, իհարկե առանց բացասական հետևանքների, այն է՝ նոր աշխատատեղերի ստեղծում, տարվա բոլոր սեզոնների համար Ջերմուկի առողջարանների, հյուրանոցների զբաղվածության ապահովում, դեռ ավելին, կզարգանա զբոսաշրջությունը, կբարձրանա Հայաստանի հեղինակությունը միջազգային հարաբերություններում: Համաշխարհային ճանաչողություն և հեղինակություն ձեռք կբերի նաև «Լիդիանը»՝ որպես տարածաշրջանի զարգացման ծրագիր իրականացնող ընկերություն:
Հարգելի Փաշինյան, կարծում ենք կառավարությունը չի խոչընդոտի և ընթացք կտա այս ծրագրի իրականացմանը:
Հարգելի Ալոյան, համոզված ենք, որ «Լիդիանի» տնտեսագետներն ու ակտուար մաթեմատիկայի մասնագետները կարող են տնտեսական հիմնավորումներով կանխատեսել սպասվելիք շահույթները, որը մեր պարզ հաշվարկներով չի զիջում հանքարդյունաբերությունից սպասվող շահույթներին:
Հարգելի Սանասարյան, հուսով ենք, որ բնապահպաններին կբավարարի մեր առաջարկությունը, և նրանք ամեն-կերպ կնպաստեն նոր կանաչ գոտիների ստեղծման ծրագրին:
Հարգելի պարոնայք, խնդրում ենք անուշադրության չմատնել մեր առաջարկությունը և հարցին վերաբերվել որպես Ամուլսարի թնջուկի լուծման այն «եռակողմ վստահելի մեխանիզմի», որի ակնկալիքն ունենք մենք բոլորս՝ ազգովի:
ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ
«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ինձ թվումա չարժի հեծանիվ հորինել։ Նյու վասյուկի պիտի լինի այդ քաղաքի անունը։