Այս տարվա գարնանից Հայաստանում քաղաքական միանգամայն նոր իրավիճակ է: Սերժ Սարգսյանի հրաժարականից ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո քաղաքական ուժերն ու կուսակցություններն իրենց տեղերն են փորձում գտնել ու ճշտել քաղաքական արևի տակ, որը լուսավորում ու տաքացնում է հիմնականում հեղափոխական ուժերին ու կուսակցություններին, որոնք նույնպես իրենց տեղերը վերջնականապես չեն ճշտել: Իսկ ճշտելու բան իսկապես կա: Մոտ ապագայում Ազգային ժողովի նոր ընտրություններ են սպասվում, բնական է, որ քաղաքական ուժերից ու կուսակցություններից յուրաքանչյուրը ցանկություն ունի ներկայացված լինել ապագա Ազգային ժողովում:
Ինչքան էլ խոսվում է բիզնեսի ու գործարարության անկախության ու ազատականացման անհրաժեշտության մասին, բոլորի համար ավելի քան պարզ է, որ Հայաստանում հաջող բիզնես ունենալու համար նաև քաղաքական որոշ ու որոշակի կապեր ու հարաբերություններ պիտի ունենաս, այլապես մշտապես կարող ես գտնվել խաղից դուրս վիճակում: Համենայն դեպս, մինչ այժմ այդպես է եղել, և առայժմ հիմքեր չկան կարծելու, որ նոր Հայաստանում այլ կերպ է լինելու: Բիզնեսի ու բիզնեսմենների մասին շատ ենք խոսում, որովհետև նորանկախ Հայաստանը, փաստորեն, կապիտալիստական երկիր է, և կապիտալիստական երկիրը, փաստորեն, առաջին հերթին բիզնեսմենների ու մեծահարուստների հայրենիքն է, ու առաջին հերթին մեծահարուստների ներդրումներից ու վարքից է կախված երկրի ու ժողովրդի վիճակը:
Բայց կյանքը ցույց տվեց և շարունակում է ցույց տալ, որ Հայաստանում գրեթե բոլորը, ովքեր անկախության տարիներին հարստացել են, հարստացել են կոռուպցիոն ճանապարհներով կամ օգտվել են իրենց պաշտոնների ընձեռած հնարավորություններից: Գրեթե բոլորը՝ առանց բացառության: Նախկիններին դատում ու դատապարտում ենք, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաները չեն օգտագործի իրենց պաշտոնների ընձեռած հնարավորությունները:
Այսուհանդերձ, կյանքն ու իրադարձությունները ցույց են տալիս, որ մեզանում առաջացել է անօրինականորեն հարստացած մեծահարուստների մի խավ, որը ոչ միայն ամեն ինչի է ընդունակ, այլև ամեն ինչի է ի վիճակի և, փաստորեն, պետություն է պետության մեջ, և ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը դրա փաստացի վկայությունն էր, և այդ փաստը ոչ միայն զարմանալի ու ապշեցուցիչ է, այլև, եթե չեմ սխալվում, նաև՝ աննախադեպ, և բնական է, որ այդ դեպքի առումով մեծ աղմուկ բարձրացավ, և եթե մենք շարունակենք մեր հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների, ավելի արտառոց իրադարձությունների ականատեսը կլինենք, որովհետև մենք ապրում ենք մի երկրում, որտեղ որոշ անհատ մեծահարուստներ ավելի մեծ միջոցներ ու հնարավորություններ ունեն, քան՝ պետությունը, և այդ պետության մեջ առավել աննախադեպ ու անկանխատեսելի իրադարձություններ կարող են պատահել, քան այդ չարաբաստիկ ձայնագրությունն է:
Մի բան պարզ է. մի պետության մեջ, որտեղ գաղտնալսվում են բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսները, տվյալ պետության մեջ որևէ մեկը չի կարող հանգիստ լինել, որ իր հեռախոսը չի գաղտնալսվում: Չնայած մենք՝ շարքային քաղաքացիներս, ի տարբերություն բարձրաստիճան պաշտոնյաների, մեր հեռախոսներով առանձնապես կարևոր ու գաղտնի բաներ չենք խոսում, այդուհանդերձ, որևէ մեկի համար հաճելի չի, որ իր ու որևէ մեկի հեռախոսազրույցը որևէ երրորդ անձ գաղտնալսի:
Չնայած բարձրաստիճաններին գաղտնալսելը չտեսնված և չափազանց արտառոց փաստ է, բայց չեմ կարողանում հասկանալ նաև նրանց, ովքեր գտնում են, որ եթե անվտանգության համակարգի աշխատողներին գաղտնալսել են, ապա վերջիններս պարտավոր են հրաժարական տալ: Եթե վերջիններս հրաժարական տան, ապա կստացվի, որ սրանց գաղտնալսողները, ովքեր իսկապես անհանդուրժելի ու հակապետական արարք են կատարել, իրականում հասել են իրենց արատավոր նպատակին:
Չնայած թավշյա հեղափոխությունը շատերի կյանքն ու կյանքի բովանդակությունը կտրուկ փոխեց, և չնայած այս պահի դրությամբ իսկապես Հայաստանում հեղափոխականներ ու հակահեղափոխականներ և հակամարտող կողմեր գոյություն ունեն, և չնայած հակամարտող երկու կողմերի միջև իսկապես ատելություն կա, և չնայած երկկողմ էդ ատելությունն իսկապես լուրջ ու խորը հիմքեր ունի, բայց, կարծում եմ, ժամանակն է մեղմել էդ ատելությունը և դադարեցնել ներքին թշնամու էդ անցանկալի ու անհեռանկար փնտրտուքը, որովհետև մենք դեռևս, փաստորեն, պատերազմի մեջ ենք և ունենք միանգամայն արտաքին և միանգամայն իրական թշնամի ու հակառակորդ, ում, եթե հնարավորություն ունենք, իսկապես պետք է գաղտնալսենք, և ում, հնարավորության դեպքում, իսկապես պետք է փռենք ասֆալտին:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ