Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շենքի փլուզման ենթարկվելու վտանգը մտահոգել եւ զայրացրել է նաեւ այս օրերին մայրաքաղաքում գտնվող սփյուռքահայերին:
Այսօր «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի կազմակերպած բողոքի ցույցին միացել էին նաեւ նրանք:
Կայծագ Դեմիրճյան, Նորվեգիա. «Ամեն տարի գալիս եմ Հայաստան: Տարվա մեծ մասը Երեւանում եմ ապրում: Լսեցի, որ այս շենքը փլուզվում է ու որոշեցի մասնակցել ակցիային: 2002-ին Երեւանը գեղեցիկ, կանաչ քաղաք էր: Ցավալի է տեսնել, թե ինչպես են այս տարիներին քաղաքն ավերել: Old Erevan են ասում: Ո՞ւր է Երեւանի կենտրոն հին Երեւանը: Հյուրերին Հյուսիսային պողոտան են ցույց տալիս: Հին Երեւանը շատ վատ ձեւով դարձրել են Modern Erevan: Ես ինքս Երեւանում շատ հյուրեր եմ ընդունում աշխարհի տարբեր երկրներից, որոնք ուզում են տեսնել Հին Երեւանը: Բերում եմ այս կողմերը՝ ցույց տալու մնացած հատ ու կենտ հին շենքերը, որոնք գնալով քչանում են»;
Տիգրան Թորոսյան, Իսրայել. «Մեր մոտ՝ Երուսաղեմում, շատ խիստ նոր կանոն կա: Չեն կարող հին շենքերը քանդել եւ բարձրահարկ շենքեր կառուցել: Ցավալին այն է, որ Երեւանում այս գեղեցիկ շենքերը անհետանում են: Բարձրահարկ շենքերն աղվոր են՝ մեծ, թանկարժեք, բայց Հին Երեւանի դիմագիծը պետք է պահպանել: Ես նույնպես տեսնում եմ, թե ինչպես է Երեւանը տարին տարվա վրա իր իսկական դեմքը կորցնում»; Այս երգչախումբը Իսրայել էլ է եկել եւ ժառանգված հին սրահի մեջ շատ գեղեցիկ համերգ է տվել: Ես մտահոգված եմ ոչ միայն այս շենքի, այլեւ երաժշտախմբի ճակատագրով»:
Հ. Գ. «Հայաստանի փոքրիկ Երգիչներ» երաժշտախմբի երեխաներն ըստ էության առանց դիվանագիտական անձնագրի Հայաստանի դեսպաններն են ամբողջ աշխարհում: Ցավալին այն է, որ ինչպես ասաց ցույցի մասնակից մի տիկին, նախկին իշխանությունները միայն դրսից բարձրաստիճան հյուրերին եւ պատվիրակություններին ներկայանալի երեւալու ժամանակ են հիշում Տիգրան Հեքեքյանին եւ նրա փոքրիկ երգիչներին, իսկ մնացած ժամանակ այս հրաշք երեխաների խնդիրները նրանց բացարձակ չեն հետաքրքրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ