Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Հայաստանի վարչապետը դարձավ ոչ օտար յուրայինների մեջ. «Կոմերսանտ»

Սեպտեմբեր 29,2018 22:33

Սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ գագաթնաժողովին, իսկ «Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը այդ գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը համարում է այն մեկուկես րոպեն, որոնք լուսանկարվելու արարողությունից հետո անցկացրին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը:

ԱՊՀ գագաթնաժողովը խոստանում էր լինել ծանր: Բոլորն այնտեղ յուրայիններ էին, բոլորն իրար համար ճանաչելի և հասանելի, գրում է Կոլեսնիկովը: Հնարավոր է, նրանք բոլորը դեռ լիովին չեն հարմարվել Հայաստանի նոր վարչապետին, բայց վերջինս էլ նրանց մեջ, թվում է, այնքան էլ օտար չէ: Ահա նրանք գնում են լուսանկարվելու, և Ռուսաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի նախագահները մի փոքր առաջ են ընկնում: Որոշակի տարածության վրա նրանց է հետևում Հայաստանի վարչապետը, և առայժմ նրա կողքը ոչ մեկ չկա, քանի որ նրանք, ովքեր կարող էին լինել, Ադրբեջանի նախագահի շրջապատում են, և թվում է, Նիկոլ Փաշինյանն այնտեղ տեղ չունի:

Բայց հանկարծ Իլհամ Ալիևը հասնում է Նիկոլ Փաշինյանի հետևից, ու հանկարծ նրանք ոչ միայն կողք կողքի են քայլում, այլև սկսում են զրուցել: Եվ բոլորովին ոչ որովհետև կողք կողքի լուռ քայլելն անհարմար է, այլ հենց այն բանի համար, որ Իլհամ Ալիևն ասելու բան ուներ, իսկ Նիկոլ Փաշինյանը լսելու բան ուներ, և նրանք այնքան են տարվում, որ երբ արդեն արարողության ժամանակ կանգնած են իրար կողք՝ այբբենական կարգով, շարունակում են ու շարունակում:

Այդպիսի մեկուկես րոպեում, թվում է, ավելի շատ բան է հնարավոր պայմանավորել, քան պաշտոնական երկկողմ հանդիպման մեկուկես ժամվա ընթացքում, որը հիմա նույնպես, թվում է, սարերի հետևում չէ:

Իսկ գագաթնաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը մոտենում է Վլադիմիր Պուտինին, և նրանք 5-6 րոպե ակտիվ քննարկում են ինչ-որ բան արդեն երկուսով, ընդ որում, Վլադիմիր Պուտինը, թվում է, ավելի տարված է, քան նրա գործընկերը՝ ինչ-որ շարժումներ է անում և անգամ ժամանակ առ ժամանակ ձեռքերը թափահարում..

Եթե վերադառնանք արարողությանը, ապա  տեսանելի է, որ որոշ նախագահների նկրտումները սպառված չեն, և մրցանակակիրների եռյակին հանկարծ հասնում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, որը, ըստ էության, այլ մեկը չունի, ում կարելի է միանալ: Նրա հետ ոչ մեկ չի զրուցում, բայց արդյոք դա նրան երբևէ խանգարել է կամ արդյոք դա անհրաժեշտ է, որպեսզի պարզապես չորսով մոտենան այնտեղ, որտեղ բոլորին սպասում են լրագրողները:

Նայում ես ու տեսնում բոլորին, ում աչքերդ սովոր են տեսնել բազում տարիներ՝ և՛ անփոխարինելի Ալեքսանդր Լուկաշենկոյին, և առավել ևս հավերժ Նուրսուլթան Նազարբաևին…

Եվ այնուամենայնիվ, ինչ-որ մեկը չի երևում: Հա, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որի մասին հայտարարվել էր գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերում, այդ թվում որպես մարդ, որը պետք է ընդունի ԱՊՀ նախագահությունը 2019թ.: Նրա փոխարեն փոխվարչապետ Պուրլի Ագամիրադովն է, և դա վերլուծաբաններին հիմք է տալիս մտածելու՝ արդյոք Թուրքմենստանի ու Տաջիկստանի միջև հարաբերությունները սրվել են Աֆղանստանի պատճառով:

Ես նայում էի նախագաներին, որոնք դեռ քառորդ ժամ ստորագրում էին ընդհանուր փաստաթղթերը, և հասկացա. ո՛չ, վետերանները հոգով չեն ծերանում:

Ո՛չ Ալեքսանդր Լուկաշենկոն, ո՛չ Նուրսուլթան Նազարբաևը, ո՛չ Էմոմալի Ռախմոնովը… . ո՛չ, նրանցից ոչ մեկ չի փոխվել ԱՊՀ գոյության ընթացքում (իսկ դրանից առաջ՝ ԽՍՀՄ-ում), ինչպես և չի փոխվել ԱՊՀ-ն: Մարդիկ այդ տարիքում չեն փոխվում: Պարզապես ծերանում են:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930