Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Իտալիայի խորհրդարանական պատվիրակության հետ՝ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարթա Գրանդեի գլխավորությամբ:
Նախարար Մնացականյանն ընդգծեց հայ-իտալական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Նա համոզմունք հայտնեց, որ դարերի խորքից եկող հայ-իտալական բարեկամությունը, երկուստեք ջանքերով առավել կամրապնդվի և կխորանա:
Նախարար Մնացականյանը պատասխանելով Իտալիայի խորհրդարանականների մի շարք հարցերին` հանգամանալից անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, զարգացման օրակարգի և դրա շարժիչ ուժը հանդիսացող նորարարության և տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող քայլերին:
Զրուցակիցները մտքեր փոխնակեցին տարածաշրջանային ու միջազգային կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Զոհրաբ Մնացականյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն