Հայտնել ենք, որ սեպտեմբերի 28-ին Իջեւանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով գյուղում հանրահավաք է կայացել, Ազատամուտի դպրոցում դասեր չեն կայացել: Ժորա Մարտիրոսյանը հայտնեց, որ հավաքին ելույթ է ունեցել Ազատամուտի դպրոցի տնօրեն Լարիսա Հակոբյանը: Հանրահավաքին մասնակցել են նաեւ Այգեհովիտ համայնքի մաս կազմող Կայանի դպրոցում սովորող ազատամուտցի երեխաներ, այդ դպրոցի տնօրեն Լենա Վարդանյանը հավաքին ներկա է եղել:
Ժորա Մարտիրոսյանն ասաց, որ իր դեմ հավաքին բացի դպրոցականներից, մասնակցել է մոտ 40 հոգի: Նա ասաց, որ անթույլատրելի է փոքրահասակ երեխաներին քաղաքական նպատակով օգտագործելը, փոքրիկներին գյուղապետարանի առաջ գտնվող քարերին նստեցնելը: Նա ասաց, որ անվտանգության տեսակետից սխալ է սահմանամերձ Ազատամուտում դպրոցականների նման կուտակումը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ asparez.am-ի